Տիգրան Ուրիխանյանը՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման մասին. Դրվել են նույն խնդիրները և տեսակետների որևէ փոփոխություն չի եղել
ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Նախօրեին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, և բացելով փակագծերը կարող եմ ասել, որ ինչպես նախորդ քաղաքական կոնսուլտացիաների ֆորմատում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, այնպես էլ այս հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել են նույն խնդիրները և տեսակետների որևէ փոփոխություն չի եղել:
Այն է՝ ԲՀԿ չի քննարկում կոալիցիոն կառավարության մաս կազմելու խնդիրը, դա մեր օրակարգում չկա: ԲՀԿ ևս մեկ անգամ շեշտել է, որ այս փուլում դեմ է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, և որ ներկայումս առաջին հերթին անհրաժեշտ են տնտեսական բարեփոխումներ: Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, Հայաստանում առկա է տնտեսական ճգնաժամ: Եվ վերջապես՝ Գագիկ Ծառուկյանը ևս մեկ անգամ վեր է հանել բոլոր այն խնդիրները, որոնք այսօր հուզում են հանրության ամենալայն շրջանակներին և առաջնահերթ լուծում են պահանջում, դրանք են՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, կարմիր գծերի, արագաչափերի գործածմանը վերաբերող խնդիրները, տուգանքների դրույքաչափերի նվազման, բնակչության մոտ զանգվածային բնույթ կրող բանկային տոկոսների բեռի խնդիրը, պարզ ասած՝ այն ամենը, ինչն այսօր բերել է սոցիալական մեծ լարվածության»: