Է. Շարմազանով. Կեսարն էլ Պոմպեոսի խնամին էր, հետո ի՞նչ

ՀՀ վարչապետի նշանակումից հետո օրենքով սահմանված կարգով կա 20-օրյա ժամանակ, մինչև նոր կառավարությունը ձևավորվի: Այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուրադ Շարմազանովը՝ հավելելով, թե քաղաքական մեծամասնությունը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեծ ազատություն է տվել` կադրային քաղաքականություն վարելու համար, որպեսզի նա ընտրի պրոֆեսիոնալ կադրեր: Միաժամանակ, Է. Շարմազանովը նշեց, որ դա չի կարող լինել խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով:

«Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը երկար ժամանակ է քննարկվել, և ոչ միայն ՀՀԿ ղեկավար կազմի հետ, այլև հասարական գործիչների հետ և, այո՛, Հովիկ Աբրահամյանը, հաշվի առնելով նրա անցած ուղին, կարող է լուծել այն խնդիրները, որ կանգնած են մեր երկրի առջև»,- ասաց Է. Շարմազանովը` հավելելով, որ նոր վարչապետը պետք է իրականացնի բարեփոխումների շարունակական քաղաքականություն, ՄՄ անդամակցության գործընթացները պետք է շարունակվեն, կրթական, հարկային և մաքսային բարեփոխումները պետք է կատարվեն և պետք է նախորդ կառավարության գործառույթները ավարտին հասցվեն, չպետք է նախկին կառավարության քաղաքականությունը քննադատել:

«Պետական բյուջեն անձեռնմխելի է, ու որևէ կոռուպցիոն դեպք անհանդուրժելի է: Նոր կառավարություն` նոր մոտեցումներով: Բայց ոչ թե պիտակավորելու ենք նախկինին, այլ ձեռքբերումները պահելով` գնալու ենք նոր բարեփոխումների»,- նշեց Է. Շարմազանովը:

Ըստ նրա` Հովիկ Աբրահամյանի նշանակման մեջ դեր է ունեցել մայն ՀՀԿ-ն և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Շարմազանովի խոսքով` ՀՀԿ-ն շարունակում է և շարունակելու է իր ծանրակշիռ և որոշիչ դերակատարումը ՀՀ կառավարման մեջ և հուսով են, որ բոլորի օժանադակությամբ կարող են հասնել արդյունավետ հաջողության:

Կարդացեք նաև

«Այլ թեկնածուի անունը հրապարակային չի քննարկվել»,- հայտարարեց ՀՀԿ խոսնակը` շեշտելով, որ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի հետ է հանդիպում եղել, այլև հանդիպում է եղել Հրանտ Մարգարյանի հետ, և քաղաքական ուժերի հետ խորհրդակցություները շարունակվում են:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե՝ ասում եք խնամիա-բարեկամական հարաբերություններ չեն լինի, մյուս կողմից էլ նշվում է, որ պատրաստ եք «Բարգավաճ Հայաստանի» հետ մտնել կոալիցիա, ինչպե՞ս է դա համադրվելու, Է. Շարմազանովը պատասխանեց. «Ես խոսում եմ քաղաքական կատեգորիաների մասին: Կեսարն էլ Պոմպեոսի խնամին էր, հետո ի՞նչ»:

Տեսանյութեր

Լրահոս