
Այսօր ուժի մեջ է մտել Ղրիմի Սահմանադրությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ապրիլի 12-ին օրինական ուժի մեջ է մտել Ղրիմի Սահմանադրությունը, որի համաձայն, հանրապետությունը հանդիսանում է Ռուսաստանի տարածքի մասը: Փաստաթղթի տեքստը հրապարակվել է Ղրիմի խորհրդարանի Крымские известия պաշտոնաթերթում:
Այս մասին հայտարարել է Ղրիմի Պետական խորհրդի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Իոֆֆեն: Նա հավելել է, որ այժմ իրենք Սահմանադրության դրույթները պետք է մանրակրկիտ ներկայացնեն բնակչությանը` չբացառելով, որ հետագայում կարող են որոշակի ուղղումներ կատարվել դրանում:
Ղրիմի Պետխորհուրդը երեկ միաձայն ընդունել է հանրապետության նոր Սահմանադրությունը: Դրանում ընդգծված է, որ Ղրիմի հանրապետությունը ՌԴ-ի կազմում իրավական ու ժողովրդավարական պետություն է, ընդ որում` Ղրիմի տարածքը հանդիսանում է ՌԴ-ի տարածքի անքակտելի մասը:
Փաստաթղթի համաձայն, Ղրիմի բարձրագույն պաշտոնատար անձ է դառնում հանրապետության ղեկավարը, որին Պետխորհրդի անդամներն ընտրում են 5 տարի ժամկետով (սակայն ոչ երկու անգամ անընդմեջից ավելի): Հանրապետության ղեկավարի վրա դրված է Նախարարների խորհրդի կազմավորումը, որում նա նույնպես կարող է դառնալ նախագահ:
Սահմանադրությամբ Ղրիմում հաստատվել է երեք լեզու` ռուսերեն, ուկրաիներեն ու Ղրիմի թաթարների լեզուն, որն ունի Ղրիմի հանրապետությունում պետական կարգավիճակ: