Միայն երկու տեսակի դեղերի գծով հնարավոր էր տնտեսել 200 միլիոն դրամ. ՎՊ
«Դեղորայքի տրամադրում ամբուլատոր-պոլիկլինիկական հիվանդանոցային բուժօգնություն ստացողներին և հատուկ խմբերում ընդգրկված ֆիզիկական անձանց» ծրագրի շրջանակներում 2013 թվականի համար ծախսվել է 2,329,200.0 հազ. դրամ:
Անցած տարի Վերահսկիչ պալատի կողմից ընտրանքային ստուգմամբ պարզվել է, որ եթե Գլիկլազիդ (հնդկական արտադրության Դիազոն ՄՌ 60 մգ) և Գլիմեպիրիդ (հնդկական արտադրության Դիամառ Մ) տեսակի դեղերը գնվեին բանակցային ընթացակարգով (առանց մրցույթի, ինչպես ինսուլինի ձեռք բերման պարագայում), ապա այդ դեպքում կարելի էր խնայել ավելի քան 200.0 մլն դրամ:
2012թ. միայն երկու տեսակի դեղերի 2013թ. գներով ձեռք բերելու դեպքում կտնտեսվեր ավելի քան 55.0 մլն դրամ:
Եթե 2012թ. գնվում էր եվրոպական արտադրության որևէ դեղամիջոց, իսկ այժմ գնվում է նույնի ասիական /հնդկական/ տարբերակը, և արդյունքում որոշ գումարներ խնայվում են, ապա հստակ հիմնավորված չէ տվյալ դեղորայքի էֆեկտիվության ապահովման խնդիրը:
Գնումների իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և ՀՀ-ում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների և ընթացակարգերի ուսումնասիրությունները ՎՊ-ն շարունակելու է նաև 2014 թվականին: Այդ առումով, օտարերկրյա գործընկերների աջակցությամբ առավել ռիսկային դեղերի անկախ փորձաքննություն անցկացնելու և որոշ դեղերի որակը ստուգելու ուղղությամբ Վերահսկիչ պալատը ներկայումս քայլեր է ձեռնարկում: