Բաժիններ՝

Ներկայացվել են ԱՌՆ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները

Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) բնագավառում Հայաստանը համաշխարհային զարգացումներում բավական լուրջ ավանդ ունի: Այդ մասին է վկայում ապրիլի 1-3-ն Ալմաթիում տեղի ունեցած ԱՌՆ տարածաշրջանային խորհրդաժողովը:

Հայաստանն այնտեղ ներկայացրել է ԱՌՆ ոլորտի ձեռքբերումները և առաջարկները: Խորհրդաժողովը կազմակերպվել էր Հյոգոյի գործողությունների ծրագրի շրջանակներում: 2015 թ. Հյոգոյի գործողությունների ծրագիրը կավարտվի, և առաջարկություններ են մշակվում հաջորդ տասնամյակի համար, թե ծրագիրն ինչ ուղղություններով պետք է շարունակվի:

Ապրիլի 8-ին լրագրողների հետ կայացած հանդիպման թեման Հյոգոյի գործողությունների ծրագրի շարունակությունն էր և ԱԻՆ ձեռքբերումները:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն ընդգծեց, որ մեր երկիրը տարածաշրջանում առաջիններից է ստեղծել ԱՌՆ ազգային պլատֆորմ և մշակել ԱՌՆ ազգային ռազմավարություն: Հայաստանն իր հայացքն ուղղել է անգամ դեպի հեռավոր համայնքներ:
– Ունենք ճգնաժամային կառավարման կենտրոն, որը տարածաշրջանում լավագույններից է, իսկ 911 ծառայությունը միջազգային ճանաչում ունի»,- ասաց Ն. Գրիգորյանը:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, գնդապետ Համլետ Մաթևոսյանը, ներկայացնելով խորհրդաժողովին Հայաստանի ներկայացրած առաջարկություննրը, նշեց, որ ամենամեծ նորությունն այն էր, որ իրենք շեշտը դրել են բնակչության շերտերի բաժանման վրա, և յուրաքանչյուր խոցելի խավն ինքն է թելադրելու մատուցվող նյութերն ու մեթոդաբանությունը: Կարևորվել է նաև երեխայի վաղ հասակից ուսուցումը, որ մարդը պատրաստ լինի նվազեցնել աղետների առաջացման ռիսկերը, այլ ոչ թե վերացնի աղետների հետևանքները:
– Կյանքը ցույց տվեց, որ միայն սովորեցնել մարդուն՝ ինչպես պահել երկրաշարժից առաջ ու հետո, արդյունավետ չէ: Մարդուն տեղափոխում ենք աղետներից առաջ, սովորեցնում ենք արտակարգ իրավիճակների ու ռիսկերի նվազեցման ամբողջ փիլիսոփայությունը, որ մարդ իմանա՝ ինչպես իրեն պահի, որ զոհեր քիչ լինեն»,- ասաց ակադեմիայի ռեկտորը:

Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանի կարծիքով` եթե ծախսը տեղափոխվի դեպի աղետների ռիսկի նվազեցում, կանխարգելում, ապա տասնապատիկ, հարյուրապատիկ կշահենք՝ տուժածներ ու տառապանքներ չունենալով:

Ասուլիսի ընթացքում ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանն անդրադարձավ նաև հաշմանդամների հարցերով զբաղվող «Ունիսոն» ՀԿ նախաձեռնությամբ անցկացված «Միս Հայք 2014» գեղեցկության մրցույթում ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 2 աշխատակցուհիների հաղթանակին:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն         

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս