
Ստամբուլում անվանափոխել են Գյուլենի հետ կապված Հաքան Շուքյուրի անունը կրող մարզադաշտը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ փոխվել է Ստամբուլի Սանջաքթեփեի մարզադաշտի անունը, որը կրում էր թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի և Թուրքիայի ֆուտբոլային ընտրանու նախկին հանրահայտ խաղացող, Ստամբուլից ընտրված պատգամավոր Հաքան Շուքյուրի անունը:
Որպես դրա պատճառ է նշվում Շուքյուրի սերտ կապերն ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ: Մարզադաշտի նոր անունը չի հաղորդվել: Նախորդ տարեվերջին Հաքան Շուքյուրը հայտարարել էր իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) շարքերը լքելու և անկախ պատգամավոր դառնալու մասին:
Շուքյուրը դրանով իսկ իր անհամաձայնությունը հայտնեց Գյուլենի շարժման կողմից վերահսկվող մասնավոր նախապատրաստական դասընթացների (dershane) վերացման ուղղությամբ ԱԶԿ-ի վարած քաղաքականությանը:
Ստամբուլի ասիական հատվածում գտնվող Սանջաքթեփեի մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 2010 թվականին: Դրան մասնակցել էր ոչ միայն Հաքան Շուքյուրը, այլև՝ «Գալաթասարայի» ֆուտբոլիստները: ՈՒԵՖԱ-ի չափորոշիչներին համապատասխանող այդ մարզադաշտն ունի 7000 նստելատեղ: