Վերլուծաբան. Պետք է պարզել, թե ինչու է Հայաստանը զրկվում այլընտրանքի իրավունքից

«Հայաստանի շահերից է բխում Իրանի ապամեկուսացումը, Հայաստանն ամեն առումով կշահի, երբ Իրանը դուրս գա միջազգային մեկուսացումից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լոնդոնի «IHS Global Insight» պաշտպանության, անվտանգության և տնտեսական հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը` խոսելով Արևմուտք-Իրան հարաբերությունների վերջին ջերմացման մասին:

Վերլուծաբանն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք Հայաստանը կարո՞ղ է դառնալ տարանցիկ երկիր իրանական գազի համար: Նա նշեց, որ կա երկու հանգամանք, որոնք ազդում են Հայաստանի ընտրության վրա: Առաջինը Հայաստանի և ռուսական «Գազպրոմ» ընկերության միջև գազային պայմանագրի` Հայաստանի քաղաքացիների համար` անհասկանալի, անընդունելի պայմաններն են:

«Պետք է պարզել, թե ինչու է Հայաստանը զրկվում այլընտրանքի իրավունքից, որովհետև Ռուսաստանի հետ պայմանագիրը սահմանափակում է Հայաստանի էներգետիկ ներկրումների դիվերսիֆիկացման հնարավորությունները: Բնականաբար, սա ապագայում կարող է դառնալ Ռուսաստանի հետ լարվածության պատճառ:

Երկրորդ պատճառը Հայաստանում և Կովկասում Ռուսաստանի էներգետիկ քաղաքականությունն է: Ռուսաստանը, բնականաբար, ցանկանում է վաճառել իր գազը, ուստի կգործադրի իր բոլոր լծակները, որ Հայաստանը չդառնա այդ տարանցիկ երկիրն Իրանի համար… Ինչ վերաբերում է Իրանի հետ էներգետիկ համագործակցությանը, պետք է ընդունենք մի պարզ իրականություն, որ այդ էներգետիկ քաղաքականությունը շատ առումներով ձևավորվում է Ռուսաստանի կողմից: Սա եռանկյունի է, ոչ թե երկկողմանի բանակցություն»,- ասաց Լիլիթ Գևորգյանը:

Կարդացեք նաև

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ


Տեսանյութեր

Լրահոս