
Գագիկ Ծառուկյանը դիմավորել է ըմբշամարտի Հայաստանի հավաքականին

Ֆինլանդիայի Վանտա քաղաքում տեղի ունեցած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 8 ըմբիշ էր ներկայացնում: Կողմնակալ մրցավարության պատճառով մեր ըմբիշներից միայն երկուսին հաջողվեց կանգնել պատվո պատվանդանին: 2009թ-ի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնությունների և օլիմպիական խաղերի մրցանակակիր 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանն արծաթե մեդալի արժանացավ: Գերազանց հանդես եկավ 98կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով եզրափակիչ փուլում 5:0 հաշվով հաղթեց թուրք մարզիկին և Եվրոպայի եռակի չեմպիոն հռչակվեց: Հիշեցնենք, որ մեր 22-ամյա ըմբիշը մինչ այս Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել նաև 2012 և 2013թթ-ին, իսկ Լոնդոնի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալի է արժանացել:
Օդանավակայանի սպասասրահում մեր դափնեկիր ըմբիշները ջերմ ընդունելության արժանացան: Ապրիլի 8-ի լուսադեմին հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականին Զվարթնոց օդանավակայանում առաջինը շնորհավորեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Հայրենական սպորտի ղեկավարը գոհ է Եվրոպայի առաջնությունում մեր ըմբիշների արձանագրած արդյունքներից:
Առջևում աշխարհի առաջնությունն է, որը տեղի է ունենալու սեպտեմբերին Տաշքենդում: Հուսանք, որ համաշխարհային ստուգատեսում նույնպես կբարձրանա մեր եռագույնը, ու կհնչի հայոց օրհներգը: