Սերգո Կարապետյանն ընդունել է «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչներին

Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանի և «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ անդամների հանդիպման ժամանակ քննարկվեց Արարատյան դաշտում գործող ձկնաբուծական տնտեսություններում ջրի խնայողական համակարգերի ներդրման խնդիրը: Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ հարցի կանոնակարգման ուղղությամբ կառավարության ձեռնարկած համապատասխան քայլերը միտված են ոչ միայն  ընդերքի  ջրային պաշարների վերականգնմանը,այլև ջրի նվազագույն ծախսով ձկնաբուծական մթերքների առավելագույն ծավալների ապահովվմանը:

«Այդ նպատակով նախապատրաստվող «Ձկնաբուծական գործունեության  լիցենզավորման կարգն ու ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով ջրի խնայողական համակարգերի ներդրման համար նախատեսվում է օժանդակություն  ցուցաբերել ձկնաբուծական տնտեսություններին, մշակման  փուլում է:  Դրանով պետությունը ցանկանում է օժանդակել և ձեր բիզնեսին, և կանոնակարգել ջրային պաշարների նպատակային օգտագործումը Արարատյան դաշտում»,-նշեց  նա:

«Հայ ձկնաբույծների միավորման» նախագահ Արմեն Բունիաթյանը, խոսելով նոր համակարգի ներդրման վերաբերյալ իրենց նկատառումների մասին, նշեց, որ իրենք նույնպես համամիտ են  ջրի խնայողական օգտագործմանը,սակայն կան տարակարծության մի շարք հարցեր,որոնց լուծման  համար իրենք  մշակել և առաջարկում են իրենց այլընտարանքային տարբերակը:

Շահագրգիռ քննարկման արդյունքում  որոշվեց   հանգամանորեն ուսումնասիրել  միավորման առաջարկներն  ու  ներկայացված տարբերակը, հարցի վերաբերյալ լսել նաև ձկնաբուծական մյուս րնկերությունների կարծիքները, որից հետո, մասնագետների վերջնական եզրահանգումների հիման վրա, անդրադառնալ համապատասխան  փոփոխություններով  ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակման  անհրաժեշտության հարցին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս