Լևոն Զուրաբյան. Մենք ոչ լեգիտիմ նախագահի հետ չենք հանդիպելու

Երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ ՀՀ կառավարության ղեկավարի նշանակումը Հանրապետության նախագահի և մեծամասնության մենաշնորհն է, բայց միաժամանակ նշել էր, որ Սահմանադրության պահանջի համաձայն՝ Հանրապետության նախագահը կառավարության կազմը կքննարկի ԱԺ մեծամասնության և խորհրդարանի բոլոր խմբակցությունների հետ:

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իրենք կհանդիպե՞ն Սերժ Սարգսյանի հետ, ասաց. «Մենք ոչ լեգիտիմ նախագահի հետ չենք հանդիպելու»:

Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի հրաժարականին, ապա Լևոն Զուրաբյանն ասաց, թե նախկին վարչապետի քայլն իրենց համար անակնկալ չէր: Ըստ նրա՝ Տ. Սարգսյանն այդ քայլին դիմել է ոչ իշխանական չորս խմբակցությունների համագործակցության արդյունքում:  «Ակնհայտ էր, որ այն միջոցառումների շարքը, որը մենք նախատեսել էինք ապրիլի 28-ի համար, ուղղակի խուճապ էր առաջացրել իշխանությունների մեջ և ակնհայտ էր, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառը ոչ թե ուղղակի կապ ուներ մեր գործունեության հետ, այլ հենց դրա հետևանքն էր: Մենք դրել էինք մեր առջև նպատակ և այդ նպատակին, գոնե առաջին փուլին, արդեն հասել ենք, դա հաջողությամբ իրականացրել ենք, հիմա պետք է անցնենք առաջ»,- նշեց նա:

Մյուս հարցերին ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հարաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ինքը երեկ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ և ավելացնելու ոչինչ չունի:

Տեսանյութեր

Լրահոս