Ստեփան Սաֆարյան. «Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը լինելու է առաջարկը բոլոր ուժերին` կազմավորելու ազգային համաձայնության կառավարություն»

Վարչապետի հրաժարականը առավելապես կապ ունի արտաքին քաղաքական զարգացումների և նվազագույն առնչություն ունի ներքաղաքական գործընթացների հետ: 168.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:

Սաֆարյանն իր կարծիքն այպես հիմնավորեց. «Նախ հասկանանք, թե ինչ էր սպասվում առաջիկայում: Առաջիկայում` մայիսին սպասվում էր Հայաստանի և Մաքսային միության միջև անդամության պայմանագրի ստորագրում և դրա վավերացում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի կողմից: Փաստացի, կառավարության ձևավորման, վարչապետ նշանակելու, ԱԺ-ում նրա գործունեության ծրագրի հաստատման հետ կապված գործընթացները հաստատ մեկ ամսից ավելի ժամանակ կպահանջի, և կարելի է ենթադրել, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին հետաձգվում է` առնվազն մինչև այս տարեվերջ: Երկրորդը` Հաագայում Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը վերջապես հասել է նրան, որ երկու նախագահները` Ալիևը և Սարգսյանը համաձայնություն տան առաջիկայում ղարաբաղյան խնդրով նախագահների գագաթաժողով կազմակերպելու, մնացել է ժամկետների ճշգրտման հարցը, և եթե հետևեինք գործընթացին, ապա կհասկանայինք, որ այն արդեն պիտի տեղի ունեցած լիներ, սակայն հետաձգրվել է: Մինսկի խումբն ակնկալում էր, որ այդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա ամիսներին:

Եվ, վերջապես, Եվրոպան արդեն շատ հստակորեն պահանջում էր արագացնել Ասոցիացման համաձայնագրի մեղմ տարբերակի որոշակիացման և մշակման գործընթացը: Սրանից կարելի է եզրակացնել, որ վարչապետի փոփոխությունը Սերժ Սարգսյանին տալիս է «թայմ-աութ», ստեղծում է ֆորսմաժորային իրավիճակ, հնարավորություն է տալիս մի փոքր շունչ քաշելու ու վերադիրքավորվելու և սպասելու ժամանակի ընթացքում միջազգային իրադրության փոփոխությունների, հատկապես երբ Ղրիմի հարցով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Հայաստանի քվեարկությունն այնքան էլ լավ իրավիճակ ստեղծել Հայաստանի համար:

Հետևաբար, ես վստահ եմ և կարծում եմ, որ վարչապետի հրաժարականը առավելապես կապ ունի արտաքին քաղաքական զարգացումների և նվազագույն առնչություն ունի ներքաղաքական գործընթացների հետ, թեպետ Սերժ Սարգսյանին միանգամայն ձեռնտու է, որ ընդդիմությունը ներկայացնի, որ դա տեղի է ունենում իր ճնշման արդյունքում:

Կարդացեք նաև

Այս առումով`չափազանց տգեղ իրավիճակում են հայտնվում նախկին երկու նախագահները, ովքեր կողմ են Մաքսային միությանը, սակայն ստացվում է` իրենց ճնշումների արդյունքում ուղղակի կասեցրել են Հայաստանի սրընթաց մուտքը Մաքսային միություն»:

Միաժամանակ Ստեփան Սաֆարյանը չհամաձայնեց, որ վարչապետի հրաժարականը կարող է պայմանավորված լինել Մոսկվայի դիրքորոշմամբ: Նրա կարծիքով` Կրեմլը որևէ հիմք չունի Տիգրան Սարգսյանին մեղադրելու համար, քանի որ ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը ցույց տվեց, որ «Կրեմլը միանգամայն գոհ է Հայաստանի ընթացքից դեպի ՄՄ, և ՀՀԿ-ն ու, մասնավորապես, Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընդհուպ մինչև մարտի վերջը փորձել են ցույց տալ, որ առավելագույնն է անում ՄՄ-ին անդամակցելու համար»:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, այսպես ասած, ազգային համաձայնության կամ կոալիցիոն կառավարության ձևավորումը` ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ, Ստեփան Սաֆարյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի հաջորդ քայլը դա է լինելու` առաջարկ բոլոր ուժերին կազմավորելու ազգային համաձայնության կառավարություն»:

Տեսանյութեր

Լրահոս