Դալարի բնակիչներն էլ են ասում, որ Սևանի ջուրն իրենց չի հասնում
ՀՀ Արարատի մարզի Դալար համայնքում բնակիչները զգում են ջրի լուրջ պակաս, բայց ոչ թե նրա համար, որ ջուր չկա,այլ ջրաբաշխման ճիշտ համակարգ չկա: Գյուղը 5 արտեզյան հոր ունի, բայց ջուրը հասնում է գյուղի միայն կենտրոնական հատվածներին: Այս մասին գրում է ecolur.org-ը:
«…Ազատ գետն անցնում է մեր գյուղի կողքով: Նախկինում մենք` բոլորս, օգտվում էինք այդ ջրից: Գետի վրա կա կառուցված երկու ջրամբար: Ջուրը հավաքում են այդ ջրամբարներում: Ջրամբարները դամբով փակում են, որպեսզի ջուրը չհոսի: Բացում են միայն այն ժամանակ, երբ ջրի պատվեր է լինում: Ջուրը բաց են թողնում, այնուհետև հզոր պոմպերով հետ են ուղարկում։ Բերում են Մխչյան, Մխչյանից սկսում են լիտրերով բաժանելժողովրդին, որի համար ՋՕԸ-ն մեզանից վճար է պահանջում՝ ժամը 1000-1500 դրամ: Եթե ջուրն անմիջապես անցնումէ բաղրամյանցու, բերքանուշցու և դալարցու կողքով, ինչո՞ւ է ՋՕԸ-ն այս ջուրը տանում հասցնում Մխչյան: Սարքում են բերմունդյան եռանկյունի՞: Դա ինքնահոս ջուր է և անցնում է մեր կողքով… Ի՞նչ իմաստ ունի ջուրը վերցնել, հետուղարկել, հետո փողով նորից հետ բերել և տալ ժողովրդին…Եթե ուզող էլ չկա, թող գնա պարսիկներին, թուրքերին…սաէ մեր վիճակը»,- բողոքում էին Դալարի բնակիչները:
Իրենց խոսքով, եթե անգամ ջուր տալիս են, ապա 10 լիտրից տեղ է հասնում ուղիղ կեսը:
Դալարցիների խոսքերով՝ գյուղի հողերի կեսը չի մշակվում: Ծայրամասային հատվածում շուրջ 200 հեկտար հողեր այսօր անապատացել են։
«Մենք կարողանում ենք ջրել միայն արտեզյան հորերին մոտ տարածքները… Մեր փրկությունը այն կլինի, որ գյուղի արևմտյան հատվածում նոր արտեզյան հոր խփեն, ուրիշ տարբերակ չկա… Ջրի հարցը պետք է լուծվի», – ասում էին գյուղացիները։
«Ես՝ ինքս, ունեի 5600 մետր ծիրանի այգի: Ջրի պատճառով մի 10 տարի առաջ ծառերս չորացան, ծիրանանոցն էլվաճառեցի: Դաշտում սեզոնին ջրի համար մարդկանց մեջ կռիվ, պատերազմներ են գնում»,- ասաց բնակիչներից մեկը:
Բնակիչները նաև նշեցին, որ Սևանի ջուրն իրենց չի հասնում, եւ չեն հասկանում, թե ինչու են իրենց հոգսերը կապում Սեւանա լճի հետ:
ecolur.org