Պետրոս Մակեյան. Քառյակն այս պահին սպասարկում է Քոչարյանի շահերը՝ ԲՀԿ-ի դեմքով

«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ քառյակի հիմնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, և եթե ոչ նա, ապա ինչ-որ մեկը, ով կկատարի Ռ. Քոչարյանի կամքը բոլոր առումներով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ԱԺ ապրիլի 28-ի քառօրյա նիստում խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները կառավարությանն անվստահություն կհայտնեն՝ չհրապարակելով վարչապետի իրենց թեկնածուի անունը:

Հարցին, թե ո՞վ կլինի քառյակի վարչապետի այն այն թեկնածուն, ով «կկատարի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կամքը բոլոր առումներով», Պետրոս Մակեյանը պատասխանեց, թե կլինի ցանկացած իքս անձ, ով «հպատակ» կլինի՝ կանի ամեն ինչ, ինչ կասի Ռ. Քոչարյանը, ինչը նաև չի հակազդի նախագահ Սերժ Սարգսյանի շահերին:

«Կարծում եմ, որ ԲՀԿ կնքահայրը Ռ. Քոչարյանն է, իրենք պարտական են ամեն ինչով Քոչարյանին, նրանց խմբակցության երկրորդ համարն էլ Վարդան Օսկանյանն է, ինչը շատ բանի մասին է խոսում: Եթե ԲՀԿ-ի պատգամավորների ցուցակը նայեք՝ կտեսնեք, որ ներգրավված են Ռ. Քոչարյանի կողմից որոշ ցանկալի մարդիկ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է քառյակի մյուս անդամներին՝ ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանը», ապա նրանք էլ, ըստ Պ. Մակեյանի, Ռոբերտ Քոչարյանի «խաղն են խաղում», ուստի նրանք էլ կհամաձայնեն, որ ոչ իշխանական չորս խմբակցությունների վարչապետի թեկնածուն լինի հենց երկրորդ նախագահ:

Կարդացեք նաև

«Կարծում եմ, որ նրանք բոլորն էլ այս պահին սպասարկում են Քոչարյանի շահերը՝ ԲՀԿ-ի դեմքով: Մենակ «ժառանգությանը» կարելի է բացառություն համարել, որովհետև «Ժառանգության» տեսակետը հայտնի է՝ նրանք պարտադրված են գնում այդ գործընթացին, պահանջում են ամբողջական իշխանափոխություն: ՀԱԿ-ն էլ խաղում է, Գագիկ Ծառուկյանին է սպասարկում, նրա գովքն է անում, իսկ ՀՅԴ-ն մենակ Քոչարյանի խաղը չի խաղում, Սերժ Սարգսյանի խաղն էլ են խաղում, հակառակ դեպքում՝ Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում դեսպան չէր նշանակվի: Դաշնակցությունն այդպիսին է, երկդեմ է, մի ժողովրդական խոսք կա, չէ՞, ասում է՝ յոթը մոր կաթ են ուտում»,- ասաց նա:

Ամեն դեպքում Պ. Մակեյանը վստահ է՝ այս փուլում գործող վարչապետի անձի փոփոխություն չի լինի՝ Տիգրան Սարգսյանը կմնա իր պաշտոնում: Ըստ նրա՝ ՀՀԿ-ի պահվածքը ցույց է տալիս, որ «ուզում են Տիգրան Սարգսյանին պահել», իսկ հետագայում փոխել՝ ըստ անհրաժեշտության: «Հիմա շուտ է դեռ վաչապետ փոխել, որովհետև վարչապետին կարող են փոխել նախագահի ժառանգորդին հստակեցնելուց հետո: Հենց նախագահի հաջորդ թեկնածուն, Սերժ Սարգսյանի ժառանգորդը պարզ դարձավ, նոր կարող է փոխեն»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս