Ուկրաինայի ԿԸՀ-ը գրանցել է Պյոտր Պորոշենկոյի ու Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունները
ZN.UA-ի փոխանցմամբ` Ուկրաինայի ԿԸՀ-ը գրանցել է մի շարք թեկնածություններ` կապված մայիսի 25-ին նշանակված նախագահական վաղաժամ ընտրությունների հետ:
Մասնավորապես գրանցում են ստացել «Համերաշխություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Պյոտր Պորոշենկոյի, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի, Ուկրաինայի Կոմկուսի առաջնորդ Պյոտր Սիմոնենկոյի, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյի թեկնածությունները:
Նրանց թեկնածություներն առաջադրել են տվյալ քաղաքական ուժերը: Այդպիսի որոշում ընդունվել է Ուկրաինայի ԿԸՀ-ի այսօրվա նիստում: ԿԸՀ-ը միաժամանակ հաստատել է ինքնաառաջադրվածներից Օլեգ Ցարևի, Նիկոլայ Մալոմուժի, Անդրեյ Գրինենկոյի թեկնածությունները:
Դրանով իսկ Ուկրաինայի ԿԸՀ-ն արդեն իսկ գրանցել է նախագահի 24 թեկնածուներից 14-ի թեկնածությունը, որոնք ներկայացրել են փաստաթղթերի ամբողջական փաթեթը, այդ թվում նաև 2.5 միլիոն գրիվնա դրամական գրավի մուծումը:
Նախագահի թեկնածուների գրանցման գործընթացն ավարտվելու է ապրիլի 4-ին: 2009 թվականին Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններին մասնակցել է 18 թեկնածու: