
Հայաստանը հավասարվեց բռնապետություններին. ՀՀՇ

Հայոց համազգային Շարժում կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության և մարտի 16-ին Ղրիմում անցկացված հանրաքվեի վերաբերյալ բանաձևին՝ հայտնվելով միևնույն շարքում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Բելառուսը, Բոլիվիան, Հյուսիային Կորեան, Նիկարագուան, Կուբան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան, Զիմբաբվեն: Ի վիճակի չլինելով չեզոք դիրքորոշում հայտնել միջազգային հարաբերություններում՝ Հայաստանը ոչ միայն վերջնականապես զրկվեց ինքնիշխանությունից, այլև հավասարվեց աշխարհի բռնապետական, հակաժողովրդավարական պետություններին՝ անտեսելով քաղաքակիրթ աշխարհի կողմից մեկուսանալու, վերջնականապես մերժված երկրների շարքին դասվելու սպառնալիքը:
Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը տեղի ունեցածը որակելով՝ որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության զիջման, ազգային շահերն այլ երկրների կամքին ենթարկեցնելու հերթական հակապետական գործողություն, խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների այս գործելաոճը՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու և Հայաստանի ազգային շահերը սպասարկելու միակ հնարավորություն համարելով գործող վարչակազմի հեռացումն իշխանությունից»: