Ես ամաչում եմ, որ Ռուսաստանի քաղաքացի եմ. Եվգենի Կիսելյով
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ` Կիևում աշխատող ռուս հայտնի լրագրող և քաղաքական վերլուծաբան, НТВ հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Եվգենի Կիսելյովը ռուսական հեռուստատեսային քարոզիչների աշխատանքային մեթոդները համեմատել է Յոզեֆ Գեբբելսի աշխատակիցների գործելաոճի հետ:
Կիսելյովն ընդգծել է, որ ռուսական պետական հեռուստաալիքներն ուկրաինական հեղափոխությունը ներկայացնում են որպես «բանդիտական հեղաշրջում», «Մայդանի» մասնակիցներին` որպես «նացիստներ», նոր իշխանություններին` «ապօրինի»:
Կիսելյովը նկատել է, որ քանի որ Ռուսաստանում բավական մեծ է Պուտինի քաղաքականությունը հավանության արժանացնողների քանակը, ուստիև մեծ է պետական հեռուստաալիքներով հրամցվող լուրերին հավատացողների քանակը, ինչը պարզապես քարոզչական խելագարություն է.
«Այդ հեղափոխությանը մասնակցածների մեծ մասը, Կիևի կենտրոնական հրապարակում ու փողոցներում բողոքի դուրս եկած հարյուր հազարավոր մարդկանց մեծ մասը սովորական, կատարելապես նորմալ, երբեմն քաղաքական որևէ գործունեությունից անհավանական հեռու կիևցիներ են»:
Կիսելյովը հայտարարել է, որ չի ցանկանում մասնակից լինել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի իրականացրած ագրեսիային` ընդգծելով, որ ամաչում է նրանից, որ հանդիսանում է Ռուսաստանի քաղաքացի: