Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել Էրդողանի կուսակցությունը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` երեկ Թուրքիայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում հաղթել է վարչապետ Ռեջեփ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ):
ԱԶԿ-ը հավաքել է քվեների 45.56 տոկոսը, մինչդեռ հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) հավաքել է քվեների 27.91 տոկոսը: «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) հավաքել է քվեների 15.16 տոկոսը, իսկ քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ)` 4.01 տոկոսը:
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների քանակը կազմել է 52.695.832 մարդ, ընտրություններին մասնակցածների քանակը` 45.899.565 մարդ: Վավեր է ճանաչվել 44.093.771 քվե: ԱԶԿ-ը հաղթել է Ստամբուլի ու Անկարայի նահանգներում, սակայն պարտություն է կրել քրդաբնակ գրեթե բոլոր նահանգներում:
Հիշեցնենք, որ 2009 թվականի մարտի 29-ին Թուրքիայում անցկացված ՏԻՄ ընտրություններում ԱԶԿ-ը հավաքել էր քվեների միայն 38.65 տոկոսը, ԺՀԿ-ը` 24.69 տոկոսը, ԱՇԿ-ը` 16.49 տոկոսը: