ՀՀ անդամակցումը ՄՄ-ին չի խանգարի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին
«Մաքսային միությունը տնտեսական միասնական տարածք է, Եվրասիական միությունը տնտեսական կազմակեպություն է և դրա շրջանակներում չենք քննարկում քաղաքական հարցեր, առավել ևս վերջին տարիներին կտրուկ փոփոխվող աշխարհում»,- այսօր «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչ Տատյանա Վալովայան:
Ըստ նրա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներին հարգանքով են վերաբերվում և ՀՀ անդամակցումը ՄՄ-ին չի խանգարի դրանց: Նա օրինակ բերեց Մեծ Բիտանիային և Իսպանիային, որոնք ԵՄ անդամ են, բայց ունեն Ջիբրալթարի խնդիրը:
«Մենք չենք կանխատեսում ոչ մի քաղաքական շրջադարձ»,- ասաց Տ.Վալովայան՝ խուսափելով պատասխանել նաև հարցին՝ արդյոք Արցախը որպես տնտեսական տարածք կմտնի ՄՄ մեջ:
Անդրադառնալով ԵՄ հետ ՀՀ հարաբեություններին, մասնավորապես Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրմանը, Վալովայան նշեց, որ ՄՄ անդամ յուրաքանչուր երկիր ազատ է իր քաղաքական հարաբերություններում. «Մենք քաղաքական միություն չենք ստեղծում, յուրաքանչյուր անդամ երկիր ունի իր հարաբերությունները ԵՄ հետ, օրինակ՝ Բելառուսը Արևելյան գործընկերության անդամ է, ՌԴ և Ղազախստանը իրենց հարաբերություններն են զարգացնում: ՄՄ-ն տնտեսական միություն է»:
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ուկրաինական դեպքերի հետ կապված ՌԴ դեմ սահմանվող պատժամիջոցների մասին իրենք չեն մտածում. «Դա այն թեման չէ, որի մասին արժե մտածել: Մենք մտածում ենք՝ ինչպես խորացնել և ընդլայնել մեր համագործակցությունը և ինտեգրացիան ՄՄ սահմաններում: Հակառակը՝ դա կարող է արագացնել ինտեգրացիան: Մենք ինքներս պետք է մեր համար օրենքներ սահմանենք: Աշխարհը կտրուկ փոխվում է և պետք է արագացնել տնտեսական ինտեգրացիան»: