Էդուարդ Շարմազանովը պատասխանում է Ալեքսանդր Արզումանյանի քննադատությանը

«Այս որոշումը բխում է մեր ազգային ու պետական շահերից»: 168.am-ի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի մարտի 27-ի նիստում Ղրիմի հարցով ընդունված «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությանը:

ՀՀԿ խոսնակը հիշեցրեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստում ներկայացրել է ՀՀԿ-ի հստակ գնահատականը` նշելով, որ այդ քայլում որևէ անակնկալ չկա:

«Մենք մեկ անգամ չէ, որ արտահայտվել ենք և կողմնակից ենք եղել ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմանը և ազատ կամարտահայտմանը: Ավելին, ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը շատ հստակ պատասխան է տվել: Այդ գնահատականը պաշպանել է ոչ միայն իշխանական կոալիցիայի անդամ հանդիսացող «Օրինաց երկիրը», այլ նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, որն ազգային կուսակցություն է և «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը»,- ավելացրեց Շարմազանովը:

Ինչպե՞ս կպատասխանեք Հայաստանի ներկայացուցչի քվեարկության կապակցությամբ քաղաքական մի քանի ուժերի ուժերի ներկայացուցիչների և նաև նախկին դիվանագետների սուր քննադատությանը իշխանության հասցեին: Ի պատասխան մեր այս հարցադրմանը` Է. Շարմազանովն ասաց.  «Պատասխանելու կամ չպատասխանելու խնդիր չկա, յուրաքանչյուր քաղաքական գործիչ ունի իր պատկերացումները և իր համոզմունքները: Ես ափսոսում եմ, որ մեր գործընկերները նման բառապաշարով են արձագանքում: Եթե նման բառապաշարով արձագանքեին ոչ պրոֆեսիոնալ դիվանագետները, միգուցե կարելի էր հասկանալ, բայց երբ նման խիստ, ռադիկալ կարծիք են արտահայտում պրոֆեսիոնալ դիվանագետները, դա էլի իրենց խնդիրն է, բայց չեմ կարծում, որ հիմնավորված է: Ամեն դեպքում կա քաղաքական բազմակարծություն, մենք հարգանքով ենք վերաբերում ցանկացած քաղաքական կարծիքի` անկախ նրանից, թե համամիտ ենք դրա հետ, թե ոչ»:

Կարդացեք նաև

Մեր հարցին, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի ավելի չեզոք դիրք գրավել և ձեռնպահ քվեարկել, Է. Շարմազանովը պատասխանեց. «Եթե ըստ մեզ ավելի ճիշտ տարբերակը լիներ ձեռնպահ քվեարկելը, կքվեարկեինք ձեռնպահ, մենք գտնում ենք, որ ավելի ճիշտ էր դեմ քվեարկել, դրա համար քվեարկել ենք դեմ»:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գերտեսչության ղեկավարներից Վարդան Օսկանյանը երեկ հայտարարել էր, որ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկեր Ուկրաինայի ներկայացրած բանաձևին, իսկ մյուս նախկին արտգործնախարարը` Ալեքսանդր Արզումանյանը ընդհանրապես ասել էր, թե ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում Հայաստանի քվեարկությունը խայտառակություն է և մեր ազգային ամոթը:

«Մենք որևէ մեկին չենք լիազորել` գնա Զիմբաբվեի շարքում մեզ դասի: Դա հակասում է մեր ամեն ինչին` մեր անկախության հռչակագրին, մեր ճանապարհին և Եռաբլուրում պառկած մեր եղբայրների հիշատակին»,- նշել էր Ալեքսանդր Արզումանյանը:

Տեսանյութեր

Լրահոս