Դարչինը` որպես դեղամիջոց
Բուժիչ նամակներ
Դարչինի ծառը (Cinnamomum Zeylanicum) դափնազգիների ընտանիքին (Lauraceae) պատկանող բույս է, որի կեղևի ներքին շերտը օգտագործվում է` որպես համեմունք։ Առավել հարգի է Շրի Լանկայի` ցեյլոնյան դարչինը։ Կղզու անտառներում աճող ծառերը հասնում են 10 մ բարձրության։ Բույսը սկսել են մշակել 18-րդ դարում։ Ցեյլոնյան դարչինի ծառը մշակվում է նաև Հնդկաստանի հարավում, Բրազիլիայում, Գվինեայում, Սեյշելյան կղզիներում, Մադագասկարում, Ջամայկայում, Մարտինիկայում։
Անհամեմատ էժան է չինական դարչինը (C. cassia), որի հայրենիքը երկրի հարավային շրջաններն են։ Չին կայսր Շեն Նունի (Ք.ա. 2800թ.) հեղինակած դեղաբույսերի մասին գրքում հիշատակվում է դարչինի օգտակարության մասին։
Իր հակաօքսիդանտ հատկություններով դարչինը զգալիորեն գերազանցում է բոլոր այլ` այսօրվա դրությամբ ուսումնասիրված բույսերին։
Ավելացնում է ուժերը և ամրացնում է սիրտը` հատկապես օգտակար է հիվանդությունների հետևանքով հյուծված և տարեց մարդկանց` ընդգրկված է ԱՄՆ-ի և Կանադայի ծերանոցների սննդակարգում։
Գիտնականները պարզել են, որ դարչինը ճնշում է սնկերի աճը (միկոզներ) և սեռական օրգանների, միզապարկի և երիկամների հիվանդություններ առաջացնող ինֆեկցիաները։
Մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում առաջացնում է արգանդի կրճատում, խորհուրդ է տրվում հետծննդաբերական շրջանում։ Ավելացնում է կերակրող մայրերի կաթը։
Նպաստում է խոլեստերինի մակարդակի կարգավորմանը. ուտեստները համեմեք օրը 1-3 գրամ դարչինով։
Բարձրացնում է աշխատունակությունը, լավացնում տրամադրությունը, ակտիվացնում է ուղեղը` խորհուրդ է տրվում ինսուլտ տարած հիվանդներին։
Օգտակար է գրիպի, անգինայի, տոնզիլիտի դեպքում։
Հնում հայտնի է եղել` որպես շնչառությունը թարմացնող միջոց։ Բուժել են մկանային սպազմները, բրոնխների ասթման, մաշկային հիվանդությունները։
Դարչինը նպաստում է մարսողությանը, գազերի հեռացմանը, նվազեցնում է որովայնի սպազմները։ Փոշին լցնում են կտրվածքների, վերքերի վրա։
Թութք. Խառնեք դարչինի փոշի և մեղր (1։1)։ Վերքը լվացեք մուգ գույնի տնտեսական օճառով, մշակեք խառնուրդով։ Կատարեք երեկոյան, առավոտյան լվացեք նույն օճառով։ Ազդեցիկ միջոց է, որն օգնում է նաև աղիի ճաքի դեպքում։
Մետեորիզմ, փսխոց. 1 թ/գ փոշին (կամ մանրացրած կեղևը) 1 ժամ թրմեք 50 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե հետո: Անհրաժեշտության դեպքում քամեք։
Գրիպ, կանխարգելիչ թուրմ. 200 մլ եռջրի մեջ լցրեք կես թ/գ դարչին, 5-7 հատիկ պղպեղ, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 4-5 անգամ։
Գլխացավ, մրսածություն, ջերմ. Դարչինի փոշին խառնեք փոքր քանակի ջրի հետ։ Համասեռ զանգվածը լցրեք վուշե լաթի մեջ և դրեք թրջոց ճակատի վրա։
Զգուշացում։ Հակացուցված է արյունահոսության դեպքում և հղիներին։ Ամիրդովլաթ Ամասիացին զգուշացրել է, որ դարչինը վնաս է երիկամներին, իսկ ընդունման օրաբաժինը 3 գրամ է։
Հայ բժշկապետը խորհուրդ է տալիս դարչին օգտագործել թոքերի արմատացած խոցերի, աչքերի առաջ սևանալու, բխկոցի, լյարդի հիվանդությունների, ներքին խցանումների, եղանակի կտրուկ փոփոխության դեպքում, պեպենների վերացման համար, և այլն։
Մոտ 20 տարի առաջ Կանադայում կատարվել են մեծածավալ հետազոտություններ. գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեղրն ակտիվացնում է դարչինի բուժիչ ազդեցությունը։
Ինչպես կարծում էր Ամասիացին` դարչինը բացում է մաղձի ծորանների խցանումները, մաքրում է լյարդը թունավոր նյութերից և աշխուժացնում է արյան հոսքը.
- 1 գրամ դարչինի փոշին խառնեք 1 թ/գ մեղրի հետ, լուծեք 200 մլ տաք ջրի մեջ։ Խմեք օրվա ընթացքում` փոքր կումերով։
Հիպերտոնիա. Խառնեք 1։2, կերեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, շարունակեք 10 օր։
Արթրիտ. Խառնեք 1։4` 1 ճ/գ-ն լուծեք 200 մլ գոլ ջրում։ Խմեք առավոտյան և երեկոյան։
Սթրես, գլխացավ. Խառնեք 1։4` լուծեք 200 մլ ջրի մեջ։ Խմեք 1-2 կում յուրաքանչյուր ժամը մեկ։
Գլխացավ. Խառնեք 1։1, 1 թ/գ-ն լուծեք 200 մլ գոլ ջրում։ Դրեք թրջոցներ քիմքերի վրա` 30 րոպե տևողությամբ։ Կարելի է ավելացնել 1-2 թ/գ նարդոսի կամ դաղձի եթերային յուղ։
- Խառնեք 1 գ դարչին և կես թ/գ մեղր, 50 գ կարագ։ Լվացեք դեմքն օճառով, խառնուրդը քսեք ճակատին։
Ստամոքսահյութի բարձր թթվայնություն, միզապարկի բորբոքում, փքվածություն. Խառնեք 1։5, 2 ճ/գ լուծեք 400 մլ գոլ ջրում։ Խմեք 100-ական մլ` ուտելուց 1 ժամ առաջ կամ հետո։
Բերանի տհաճ հոտ. Կատարեք ողողումներ վերոգրյալ թուրմով։
Մազաթափություն. Խառնեք 1-ական թ/գ դարչինի փոշի և ձիթապտղի գոլացրած յուղ, 1 ճ/գ մեղր։ Ներմերսեք գլխամաշկին, 15 րոպեից լվացեք գոլ ջրով։
- Դարչինի և մեղրի խառնուրդը (1։4) խորհուրդ է տրվում ուտել տարեց մարդկանց նախաճաշին` կարագի հետ, կամ խմել ջրային լուծույթը` 1-2 ճ/գ, 200 մլ գոլ ջուր` նախաճաշից 30 րոպե առաջ:
Հ.Գ. Արդեն վաճառքում է «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Այն կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: