Գագիկ Հարությունյանը սաստեց Հակոբ Հակոբյանին
«Սահմանադրությունն արգելում է բոյկոտ անել: Դուք դեբատների տեղ ունեիք, ինչո՞ւ մերժեցիք արտահերթ նիստը: Գուցե այդ դեպքում սրա կարիքը չլիներ»,- այսօր Սահմանադրական դատարանում կուտակայինի հարցի քննության ժամանակ հայտարարեց ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը՝ դիմելով պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին:
Թոխյանը հիշեցրեց, որ ՍԴ-ն որոշում ունի, որով ԱԺ պատգամավորներին արգելում է բոյկոտել նիստերը:
Հ.Հակոբյանը պատասխանեց, թե օրենքը 2003 թվականից սկսել է քննարկվել, 2010-ին ընդունվել է, բոյկոտի տրամաբանութունն այն է եղել, որ վերջին 3 տարում կարող էին քննարկել:
ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը հայտարարեց, որ ոչ մի տրամաբանություն չի կարող հակասել օրենքին. «Կարող եք օրենքին չքվեարկել, բայց գործի չգնալ չեք կարող: Հակաօրինականությունն օրինականացնելն անթույլատրելի է: Մենք պետք է սովորենք հարգել օրենքի իրավունքը, այդ դեպքում շատ բաներ տեղը կընկնեն»: