Հակոբ Հակոբյանը ՍԴ-ում հարցեր է ուղղել Արծվիկ Մինասյանին
Այն քաղաքացիները, որ ծնվել են մինչև 1974թ., վճարում են եկամտային հարկ, վաղը պետք է ստանան կենսաթոշակ, ո՞վ է երաշխավորում դա: Նման հարց այսօր ՍԴ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ» գործի քննության ժամանակ հնչեցրեց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Դիմող կողմի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ բոլոր քաղաքացիների կենսաթոշակ ստանալը հանրային գերակա շահ է, բայց չպետք է պարտադրվի, և չպետք է պետական գործառույթը մասնավորեցվի:
Հ. Հակոբյանը նշեց, որ մինչև 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 24.2% է, 120 հազարից 2 մլն դրամի դեպքում՝ 26%, 2մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ 30%: Նա հարցադրում արեց՝ արդյոք սա խտրականությո՞ւն է: Ա.Մինասյանը հակադարձեց, որ ակնհայտ է, որ հարկերի, պարտադիր վճարների դեպքում դա չի կարող դրսևորվել որպես խտրականություն:
«5 մայր օրենք պարունակող և 50 օրենսդրական փոփոխություններ պարունակող փաթեթում 600 օրենսդրական դրույթներ են: Դրանցից կարո՞ղ եք նշել մեկը, որ սահմանադրական է»,- հետաքրքրվեց Հ.Հակոբյանը:
Ա.Մինասյանը նշեց, որ այդ օրենքներում կլինեն Սահմանադրությանը չհակասող դրույթներ, բայց այժմ վիճարկվում է պարտադիր կուտակայինը: