Արմեն Գևորգյանն ընդունել է Քուվեյթի համալսարանի պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ-ալ Լատիֆ Ահմադ ալ-Բադրի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Փոխվարչապետը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` նշեց, որ հայկական կողմը մեծ նշանակություն է տալիս  բարեկամ Քուվեյթի հետ  բազմակողմ հարաբերությունների զարգացմանը, եւ այդ համատեքստում կարեւորվում  է նաեւ  hումանիտար  ոլորտում փոխգործակցության  խորացումը: Նա գոհունակություն հայտնեց ԵՊՀ-ի եւ Քուվեյթի համալսարանի մեջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության առնչությամբ: «Այս ոլորտում առկա են  հետաքրքիր, հեռանկարային  եւ փոխշահավետ համագործակցության  հնարավորություններ, եւ  առաջիկայում կայանալիք միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի ընթացքում կարող ենք  արձանագրել, որ կրթության եւ գիտության  բնագավառում արդեն համագործակցության լավ ավանդույթներ են ձեւավորվել»,-ընդգծեց փոխվարչապետը:

ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը  տեղեկացրեց, որ Քուվեյթի համալսարանի   պատվիրակության այցի շրջանակում  ոչ միայն երկարացվել է ԵՊՀ-ի հետ համագործակցության համաձայնագրի ժամկետը, այլեւ գործակցության սկիզբ է դրվել Երեւանի պետական բժշկական համալսարանի հետ: Նշվեց, որ Քուվեյթի համլսարանում կրթություն ստացած առաջին չորս ուսանողներն արդեն վերադարձել են, եւս երեքը պատրաստվում են մեկնել առաջիկայում:

Քուվեյթի համալսարանի ռեկտորն իր հերթին արդյունավետ համարեց իրականացվող  ծրագրերը` ընդգծելով, որ քուվեյթական կողմը կարեւորում է ուսանողների եւ դասախոսների փոխանակումը, եւ առաջին արդյունքները երկուստեք գոհացուցիչ են:  Նա տեղեկացրեց, որ հայ գործընկերների հետ քննարկվել են համագործակցությունն ընդլայնելու եւ նոր կրթական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս