Քեսապի քաղաքապետ. «Մենք Հայաստանի իշխանություններից սպասում ենք դրամի օժանդակություն եւ ճիշտ դիվանագիտություն»․ ԳԱԼԱ

Քեսապի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ տեղահանված քեսապահայերը օգնության կարիք ունեն, նրանք ակնկալում են, որ ՀՀ օգնություն են տրամադրելու տեղահանված բնակիչներին: Բացի այդ, ըստ Չափարյանի, նրանք ակնկալում են պաշտոնական Երեւանի ճիշտ դիվանագիտությունը, որ քեսապահայերի խնդիրը բարձրացնեն միջազգային մակարդակով:

«Մեզ շատ են օգնել այս օրերի ընթացքում, շնորհակալություն ենք հայտնում առաջին հերթին Սիրիայի իշխանություններին, Լաթաքիայի տեղի իշխանություններին. նրանք ամեն ինչով մեզ աջակցում են: Մենք օգնություն ենք ստանում նաեւ Կարմիր խաչից, մեզ օգնում են Դամասկոսի, Հալեպի գաղթօջախներից: Գործում է նաեւ հատուկ շտապօգնություն, որտեղ մեզ դիմում են տարբեր մարդիկ:

Երեկ մենք հանդիպեցինք նաեւ Հայաստանից եկած պատգամավորների հետ, նրանք տեսան գաղթական հայերի վիճակը, որոնց մի կերպ տեղավորել ենք Լաթաքիայի հայկական եկեղեցում ու բակում: Նրանք եկել էին հենց մեր վիճակին ծանոթանալու համար, որպեսզի տեղեկացնեն Հայաստանի իշխանություններին: Պատգամավորները հետ են վերադառնալու եւ այդ մասին զեկուցելու են Հայաստանի ղեկավարությանը, որ որոշեն մեր բնակիչներին օգնելու մասին»:

Վազգեն Չափարյանը ասել է նաեւ, որ իրենք դեռ Հայաստանից նյութական օժանդակություն չեն ստացել ու ակնկալում են, ուստի խնդրում են, որ ճիշտ կլինի օգնել հենց դրամով.

«Մեծ մասամբ հագուստով են օգնում, դա շատ կարեւոր է, բայց ժողովուրդը հացի խնդիր ունի… ծերեր են, փոքրիկներ, նրանց դեղորայք է պետք: Մեզ շատ են օգնում նաեւ շաքարավազով… շնորհակալ ենք, բայց պիտի ասենք, որ արդեն բավականաչափ շաքարավազ կա, բրինձ եւս ունենք…»:

Քեսապի քաղաքապետն ասել է, որ շուրջ 3 տասնյակ հայեր մնում են դեռ Քեսապում.

«Նրանք հիվանդներ ու ծերեր են, որոնց չկարեցանք տեղափոխել… այստեղ գտնվող բոլորն էլ հույս ունեն վերադառնալ իրենց տները: Բայց մենք արդեն գիտենք, թե ինչ է կատարվել. դա նոր կոտորած էր, նոր ջարդ… մեր տները ավերված են, թալանված, մեր եկեղեցիները քանդել ու հրդեհել են, այնտեղ գտնվող հիվանդներին էլ, չգիտեմ, միգուցե պղծել են: Դեռ քեսապցիները հույս ունեն վերադառնալ իրենց օջախներ: Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ հաստատակամ են ու ամեն ինչ անելու են, որ Քեսապը մեզ վերադարձնեն, այլապես այստեղ գտնվող բոլոր հայերը մեծ ուրախությամբ կգան մայր Հայաստանի գիրկը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս