Ուկրաինան ուզում է ՆԱ՞ՏՕ մտնել. ԱԳ փոխնախարարի հայտարարությունը
Ուկրաինան պետք է դառնա եվրոպական հավաքական անվտանգության համակարգի մասը: Ըստ ուկրաինական «Ունիան» գործակալության` այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դանիիլ Լուբկիվսկին:
«Անշուշտ, Ուկրաինան պետք է լինի եվրոպական հավաքական անվտանգության համակարգի մասը, և դա ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրոպայի և միջազգային իրավունքի խնդիրն է: Ուկրաինան եվրոպական երկիր է և եվրոպական համայնքի լիիրավ անդամ բոլոր իմաստներով` քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգային»,- նշել է փոխարտգործնախարարը:
Ակնարկելով Ռուսաստանին` Լուբկիվսկին հայտարարել է, թե աշխարհում չկա որևէ պետություն, որը կարող է ազդել Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականության վրա և թելադրել Ուկրաինային, թե չի կարող միանալ այս կամ այն դաշինքին:
«Ուկրաինական ազգը պետք է կայացնի այդ որոշումը: Բայց երբ քեզ սպառնում են, երբ քո անվտանգության երաշխավորները պարզապես չեն հետևում իրենց պարտավորություններին, այդ դեպքում դու իրավունք ունես դիտարկել ցանկացած միջոց, որպեսզի պաշտպանես քո երկիրը: Եվ ակնհայտ է, որ այդ ժամանակ կսկսես մտածել հավաքական անվտանգության միջոցների մասին: Թող հարցը դրվի ժողովրդի քննարկմանը, և ժողովուրդը որոշի»,- նշել է Լուբկիվսկին: