Տիմոշենկոն կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրություններին: Ըստ ւկրաինական «Ունիան» գործակալության` Տիմոշենկոն այս հայտարարությունն արել է այսօրվա մամուլի ասուլիսում:
«Ես ծրագրում եմ առաջադրվել Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Կարծում եմ՝ այսօր բոլորը հասկանում են, թե նախագահի պաշտոնում իմ թեկնածության շուրջ որքան խոսակցություններ են պտտվում։ Ես ուշադիր կարդում եմ Ֆեյսբուք, այլ աղբյուրներ և լավ գիտեմ, որ կա հարցերի բավական մեծ ալիքի, թե ես ինչու եմ ընդունել առաջադրվելու որոշում»,- նշել է նախկին վարչապետը։
Տիմոշենկոն ասել է, թե կա վեց պատճառ, որոնք ստիպում են իրեն ընդունել նախագահական ընտրություններին մասնակցելու որոշում։ Նա խոսել է երկրի տնտեսությունը վերականգնելու անհրաժեշտության մասին և նաև կարծիք հայտնել,թե մեկն է այն քիչ թվով քաղաքական գործիչներից, ովքեր իսկապես կարող են վերջ դնել երկրում օլիգարխների իշխանությանը, վերականգնել երկրում օրինականությունը, վերջ դնել կոռուպցիային:
Հիշեցնենք, որ 2011 թ. պաշտոնական լիազորությունների չարաշահման և Ռուսաստանի հետ 2009թ. երկրի շահերից չբխող գազային համաձայնագրեր ստորագրելու մեղադրանքով 7 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետն ազատ է արձակվել ս.թ. փետրվարի 22-ին` փետրվարի 21-ին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության ներկայացուցիչների միջև ստորագրված համաձայնագրի արդյունքում: