Աշխարհը կնեղանա, Ռուսաստանը՝ կպատժի
Վաղը Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ներկայացրած բանաձևի նախագծին, որով անվավեր է ճանաչվում Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն: Այդ մասին այսօր «Ազատությանը» տեղեկացրել են ՀՀ արտգործնախարարությունից: Ձեռնպահը, այսինքն՝ դիրքորոշումը դիրքորոշում չունենալու մասին կարելի է համարել լավագույնը, որ կարող էր Հայաստանը հայտնել ստեղծված իրավիճակում:
Վստահաբար հենց այդպես՝ որպես իմաստուն քաղաքականության դրսևորում էլ կներկայացնի ՀՀ իշխանությունն իր այդ քայլը: Դա կարելի է լավագույնը համարել նաև այն առումով, որ Ռուսաստանը կարող էր նաև ստիպել «դեմ» քվեարկել, ինչից ՀՀ-ն չէր կարողանալու հրաժարվել: Հիմնավորումը, որ այս հարցն առնչվում է ԼՂ-ի խնդրին, որ այն վերաբերում է ինքնորոշման իրավունքին, մեղմ ասած, համոզիչ արդարացում չէ: Անգամ վտանգավոր:
Ղրիմում տեղի ունեցածը ոչ թե կամ ոչ այնքան ինքնորոշման իրավունքի արտահայտման, որքան դրա անվան տակ տեղի ունեցած բռնակցման ակտ էր, ինչը ճանաչելը կամ «ըմբռնելը» (ձեռնպահ քվեարկելը) ոչ այլ ինչ է, քան ի սկզբանե լեգիտիմացնել նաև ԼՂ-ն ՌԴ-ի կազմում ընդգրկելու թեկուզ՝ տեսական, միևնույն ժամանակ՝ հայկական որոշակի շրջանակների կողմից երանելի համարվող հնարավորությունը: Լայն իմաստով՝ ՄԱԿ-ում վաղը բացահայտվելու է ոչ թե երկրների դիրքորոշումն ինքնորոշման իրավունքի կամ տարածքային ամբողջականության սկզբունքների վերաբերյալ, այլ այն, թե նրանցից որը՝ ստեղծված իրավիճակում, սառը պատերազմի համայնապատկերում, բևեռներից որի կողմնակիցն է: Սա ոչ թե լավի ու վատի ընտրության, այլ օբյեկտիվ քաղաքական իրողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում դիրքավորվելու խնդիր է:
Քաղաքակիրթ աշխարհի մեծ մասը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն, այն օրինական են համարում միայն Ռուսաստանն ու նրա մի քանի արբանյակ երկրները: Ձեռնպահ քվեարկել՝ նշանակում է՝ լուռ պաշտպանություն հայտնել Ռուսաստանին, կամ որ նույնն է՝ կողմ քվեարկել Հայաստանի՝ մնացյալ աշխարհից մեկուսանալու տեսանելի հեռանկարին: Ձեռնպահ քվեարկելը միջազգային քաղաքականության մեջ բազմաթիվ երկրների կողմից կիրառվող գործիք է: Սակայն նման սկզբունքային հարցում իրենց ձեռնպահ քվեարկելու ճոխություն կարող են թույլ տալ, ասենք, Չինաստանը կամ Հնդկաստանը, որոնք այդպիսով արձանագրում են ոչ այնքան իրենց պաշտպանությունը ՌԴ-ին, որքան իրենց՝ առանձին բևեռ լինելը: Հասկանալի է, որ այս հեռանկարը շատ լավ գիտակցում է նաև ՀՀ իշխանությունը:
Բայց գիտակցումը, լավագույն դեպքում, անկարողությունն ամրապնդելու և ոչ թե՝ այն հաղթահարելու դրսևորում է:
Խնդիրն շատ ավելի խորքում է, այն իրավիճակում, որում ՀՀ-ն հայտնվել է այս իշխանության հետևողական քաղաքականության արդյունքում: Իրավիճակ, որի դեպքում գիտակցելով անգամ այդ քայլի վտանգավոր հետևանքները ՀՀ-ի համար (լավագույն դեպքում՝ մեկուսացումն աշխարհից), միևնույն ժամանակ, իշխանությունը չի կարող հակառակն անել: Քանի որ հակառակը նշանակում է՝ ոչ թե մեկուսացում, այլ Ռուսաստանի կողմից կոնկրետ պատիժ՝ շատ ավելի սարսափելի հետևանքներով, քան կարող են ունենալ պատժամիջոցները: Այսինքն՝ Հայաստանը պետություն է, որն ապրում է վտանգավորի ու սարսափելիի երկընտրանքի պայմաններում: Ոչ թե միջազգային քաղաքականության, խոշոր գործընթացների, մեծ խաղերի պատճառով (ինչպես կփորձեն ներկայացնել իշխանությունն ու նրա պաշտպանները), այլ այն քաղաքականության հետևանքով, որի արդյունքում Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից, այսինքն՝ դարձել է ձայնազուրկ միջազգային ասպարեզում: