Ռուդիկ Հյուսնունց. Խորհրդային միության մասին հիշողությունները դեռ միայն պատմության դասագրքերում չեն
Հարցազրույց ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցի հետ
– Նախորդ շաբաթ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ հանրահավաք` ի պաշտպանություն Ղրիմի միավորմանը Ռուսաստանին, որին մասնակցեց ԼՂՀ ղեկավարությունը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն չի ճանաչվում արևմտյան երկրների կողմից, չե՞ք կարծում, որ ԼՂՀ-ն նման իրավիճակում պետք է պահպանի չեզոքություն և չփչացնի հարաբերություններն Արևմուտքի հետ` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ ԼՂՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրներից երկուսը չեն ճանաչում այդ հանրաքվեի օրինականությունը:
– Անկեղծ ասած՝ ես մամուլում եմ «հայտնաբերել», որ Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքը նվիրված է եղել Ռուսաստանին՝ Ղրիմի միավորմանը: Իսկ որպես ի պաշտոնե իրազեկ գործիչ և Արցախի քաղաքացի՝ կարող եմ ասել, որ հանրահավաքն անցկացվել է` ի նշանավորումն ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական նախադեպի:
Թե այդ իրավունքն իրացնելիս ի՞նչ ուղի է ընտրել տվյալ ժողովուրդը՝ այլ հարց է, և հանրահավաքի անցկացման տրամաբանության հետ ոչ մի կապ չունի: Ղրիմը որոշե՞լ է միանալ Ռուսաստանին՝ դա իր խնդիրն է:
Մեզ համար նշանակալին այն է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հերթական անգամ որոշիչ դեր խաղաց: Արևմուտքի հետ հարաբերությունները չփչացնելու մասին: Տարբեր մակարդակներում այդ հարաբերություններն իսկապես կան և տարիների ընթացքում ամրապնդվում և ընդլայնվում են, Արցախի Հանրապետությունն ավելի ընկալելի է դառնում միջազգային հանրության համար:
Եվ դա, հիշեցնում եմ, այն դեպքում, երբ Արևմուտքում ոչ ոք մինչև այսօր պաշտոնական մակարդակում չի ընդունել Արցախում անցկացված հանրաքվեների իրավական ուժը: Այնպես որ, այդ մասով առանձնապես մտահոգվելու առիթ չեմ տեսնում:
Ընդ որում, հատկապես այս կարգավիճակում բոլորի համար առավել քան հասկանալի պետք է լինի ինքնորոշման իրավունքի իրացման հերթական նախադեպի առթիվ Արցախի նման վերաբերմունքը:
– Ղրիմի հանրաքվեից հետո տարբեր հասարակական քաղաքական գործիչներ, այդ թվում` նաև Ռուսաստանում, տեսակետ հայտնեցին, որ ՌԴ-ի հետ միավորման հանրաքվե կարող է անցկացնել նաև ԼՂՀ-ն և դառնալ ՌԴ սուբյեկտ: Ինչպե՞ս եք վերաբերվում նման տեսակետներին անձամբ Դուք, և ըստ Ձեզ` որքանո՞վ է դա արտահայտում ԼՂՀ բնակչության կարծիքը:
– Ինչո՞ւ չեմ անմիջապես ագրեսիվ արտահայտվում նման տեսակետների դեմ: Պարզապես հաշվի առնենք, որ Խորհրդային Միության մասին հիշողությունները դեռ միայն պատմության դասագրքերում չեն մնում, այլ նաև մեր հասարակության ավագ սերնդի հիշողություններում: Այնպես որ, լուրջ կամ կատակով՝ նման տեսակետ կարող եք անգամ փողոցում լսել:
Սակայն հենց ոչ հեռավոր 90-ականները հիշելով՝ կարող ենք վստահ լինել, որ մեր ժողովուրդը կարողանում է ճիշտ ընտրություն կատարել՝ լավ ապրուստի և ազգային արժեքների միջև: Ինչ վերաբերում է այդ թեմայի շրջանակներում քաղաքական գործիչների և քաղաքագետների տեսակետներին, ապա կարծում եմ` դրանք ավելի ճիշտ է դիտարկել այդ նույն գործիչների հաշվարկով՝ քաղաքական նպատակահարմարության համատեքստում:
Ինչ վերաբերում է արցախցիների դիրքորոշմանը, ապա այն առավել քան հստակ արտահայտվել է 1991 թվականին՝ Անկախության հանրաքվեի միջոցով, և ամրագրվել 15 տարի անց՝ 2006 թվականին՝ Սահմանադրական հանրաքվեով:
– Վերջին շրջանում Ղարաբաղի ռուսական պատկանելությունն ընդգծելու համար հղում է կատարվում 1813թ. ստորագրված Ռուս-պարսկական Գյուլիստանի պայմանագրին, որով Ղարաբաղի տարածքը Պարսկաստանից անցավ Ռուսաստանին: Չե՞ք կարծում, որ նման արտահայտություններ անողներն ուղղակիորեն արհամարհում են Ձեր կողմից նշված ԼՂՀ անկախության հանրաքվեն, և ԼՂՀ ժողովրդի կամքը ստորադասում են 200 տարի առաջ ստորագրված և վաղուց այլևս չգործող մի պայմանագրի:
– Արցախի ժողովուրդն իր հավաքական կամքն արտահայտել է, Արցախի իշխանությունը վարում է և պարտավոր է այսուհետ ևս վարել դրան համապատասխան քաղաքականություն: Այդ առթիվ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը տարբեր առիթներով բազմիցս ներկայացվել է: Դրանից դուրս ցանկացած կարծիք կամ տեսակետ պետք է դիտարկենք` որպես մասնավոր դեպք: Եվ չեմ կարծում, թե բոլոր մասնավոր, որևէ մեկին որևէ բան չպարտավորեցնող դեպքերի առթիվ կարիք կա պաշտոնական արձագանքի:
– Արդյոք անկախությունից հրաժարվելու և Ռուսաստանին միավորվելու տեսակետների ի հայտ գալը հրահրվում է Ռուսաստանի՞ց, թե՞ դա պայմանավորված է սեփական անկախությունը պաշտպանելու և անկախ ապրելու անհնարինության գիտակցմամբ:
– Արցախում անկախության համար պայքարը սկսեց և ողջ հայության աջակցությամբ հաղթանակով ավարտեց այն սերունդը, որն ապրել էր Խորհրդային Միությունում, տեսել նրա ամենածաղկուն և հզոր տարիները: Եթե այդ ամենը տեսնողը հնարավոր է համարել անկախության համար պայքարելը, ի՞նչ եք կարծում, մի՞թե նրանց որդիները և թոռները, ծնված արդեն անկախ Արցախում, անհնար կհամարեն այդ անկախության պահպանումը: Չեմ կարծում: Մենք այս տարիների ընթացքում պաշտպան չենք ունեցել, որի պաշտպանությունից այսօր զրկվում ենք: Ի վերջո, արդեն 20 տարի տարածաշրջանում հարաբերական խաղաղությունը պահպանվում է հենց տեղական ուժերով, և այդ առումով ոչինչ չի փոխվել: