
ԱԺ պատվիրակությունը մեկնել է Սիրիա

ԱԺ պատգամավորներից կազմված պատվիրակությունը մեկնել է Սիրիա: Այս մասին քիչ առաջ ԱԺ դահլիճում հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ երեկ երեկոյան ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Լևոն Մարտիրոսյանը, Նաիրա Կարապետյանը, Էդմոն Մարուքյանը մեկնել են Սիրիայի Հանրապետություն` Քեսաբի դեպքերն ուսումնասիրելու համար:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ տեղից արձագանքեց, ում խոսքը լսելի չդարձավ, բայց ենթադրվում է, որ ԲՀԿ-ական պատգամավորը ընդզվում էր, թե ինչու է պատվիրակության կազմը ՀՀԿ-ականներից է բաղկացած:
Նաիրա Զոհրաբյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով. «Էդմոնը ՀՀԿ-ական ա՞»:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, թե պատվիրակության կազմում ընդգրկված է նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Պատվիրակության կազմը կասկածի տակ դրեց նաև ԲՀԿ-ական Վահան Բաբայանը: Նա նշեց, թե ոչ իշխանական խմբակցությունների մակարդակով որևէ մեկը տեղյակ չի եղել Քեսաբ մեկնելու պատվիրակության առկայությունից, ապա հայտարարեց. «Կասկածելի է՝ ինչո՞վ է պայմանավորված եղել պատվիրակության նման կազմի ընտրությունը»: