
Իրանը պլանավորել է խորհրդարանական ընտրություններում գործածել թվային տեխնոլոգիաներ

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորել է 2016 թվականին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցկացնել թվային տեխնոլոգիաների կիրառմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին:
Վերջինիս խոսքերով՝ ընտրությունների ժամանակ թվային տեխնոլոգիաների կիրառումը կբարձրացնի դրանց թափանցիկությունը, ինչպես նաև ճշգրտությունը և կմեծացնի քվեների հաշվարկի արագությունը: Ֆազլին ընդգծել է, որ երկրում առկա են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ թվային տեխնոլոգիաների կիրառմամբ ընտրություններ անցկացնելու համար:
Նա հավելել է, որ Իրանի ՆԳՆ-ը խորհրդարանական ապագա ընտրությունների կազմակերպման ժամանակ օգտագործելու է տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում փորձագետների ունեցած փորձը:
Իրանի խորհրդարանը բաղկացած է 290 պատգամավորից: Իրանում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացվել են 2012 թվականի մարտի 2-ին, երկրի նոր խորհրդարանն իր աշխատանքը սկսել է նույն թվականի մայիսի 27-ին: