Բաղրամյան փողոցում հնչած` «Էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ» արտահայտությունը՝ խուլիգանության ու կրակոցի պատճառ

Դատարան է ուղարկվել երևանաբնակ 3 երիտասարդների դեմ հարուցված քրեական գործը: Ըստ նախաքննության՝ 27-ամյա երիտասարդն իր կնոջ հետ Երևանի Բաղրամյան փողոցով քայլելիս է եղել, և  իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող 2 երիտասարդներ,  հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»: Ըստ նախաքննության տվյալների՝ դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա 27-ամյա երիտասարդը՝  երկու եղբայրների հետ, նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, որն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով։

Նախաքննության տվյալների համաձայն՝ դրանից հետո 27-ամյա երիտասարդից վրեժխնդիր լինելու նպատակով երկու տղաները մի խումբ անձանց հետո, որոնց մի մասի ինքնությունը չի պարզվել, գնացել են 27-ամյա երիտասարդի տուն, նրա նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել 27-ամյա երիտասարդի  ընտանիքի անդամների ու շրջակա տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, կատարել են խուլիգանություն։
Այդ պահին, ըստ նախաքննության տվյալների, 27-ամյա երիտասարդը դուրս է եկել տնից, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ, որից հետո խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով` ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակը հրազեն է, մեկ անգամ էլ կրակել է ասֆալտին, որի արդյունքում՝ գնդակն անդրադարձ թռիչք կատարելով՝ շարունակել է ուղղությունը տաղավարի մոտ կայանած ավտոմեքենայի աջ կողմի բացված դռան ուղղությամբ, այն վնասել է ավտոմեքենայի աջ դռան ապակին և դռան հետևում գտնվող մի տղայի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածք, դեմքի շրջանի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք` առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս: 27-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք ունենալու և անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու համար: Նա կալանավորված է:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև 23-ամյա երիտասարդին: Ըստ մեղադրանքի՝ նա ոգելից խմիչք և թմրանյութ օգտագործած վիճակում 27-ամյա տղամարդու և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, թե՝ «էս ինչ լավն ա ու՝ էս հավի հետ»: Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո նա վիճել է 27-ամյա տղամարդու հետ, այնուհետև գնացել, նրա տան մոտ խուլիգանություն արել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև 21-ամյա երիտասարդին: Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա գնացել է 27-ամյա երիտասարդի տան մոտ, սեռական բնույթի հայհոյանքներով տանից դուրս է կանչել նրան՝ ասելով «Էդ ո՞ւմ ախպորն ես ծեծել, դո՛ւրս արի, քո……», այնուհետև, վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ է տվել 27-ամյա երիտասարդի և նրա ընտանիքի անդամների հասցեին, կատարել խուլիգանություն: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Տեսանյութեր

Լրահոս