Սիրիական հակամարտությունը կարող է տևել ևս 10 տարի. փորձագետներ
Al-Arabiya-ի փոխանցմամբ՝ Սիրիական ճգնաժամը կարող է տևել ևս 10 տարի, եթե գործող նախագահ Բաշար Ասադին շարունակեն աջակցել Իրանն ու Ռուսաստանը, իսկ ծայրահեղական խմբավորումներն իրենց ողջ վերահսկողության տակ առնեն «մարտադաշտը»:
Փորձագետների կարծիքով՝ Սիրիայի նախագահը գիտակցաբար ընտրել է այդ խմբավորումների, ինչպիսիք են «Ջաբհաթ ալ-Նուսրան» և «Լևանտում ու Իրաքում իսլամական պետությունը», ստեղծմանն ու գործունեությանը չխոչընդոտելու ռազմավարությունը:
Այդ խմբավորումները նեղում են չափավոր ընդդիմությանը, որը ստիպված է պատերազմել երկու ճակատով: Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Դևիդ Գարտենշտեյն-Ռոսսը կարծում է, որ ներկայումս Ասադի տապալումն անխուսափելի չէ, ինչպես որ շատերին թվում էր մեկ տարի առաջ:
Նա ընդգծել է, որ ամերիկյան հետախուզության կանխատեսումներով՝ պատերազմը կարող է տևել 10 տարի, հնարավոր է՝ ավելի շատ: Փորձագետն ընդգծել է, որ Ասադն իր դիրքերն ամրապնդել է Թեհրանից ու Մոսկվայից ստացվող զենքի մատակարարման ու ֆինանսական աջակցության հաշվին, ինչպես նաև նրա հաշվին, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հովանու ներքո անցկացված «Ժնև 2» բանակցությունները տապալվեցին:
Բացի այդ, Սիրիայի նախագահին ձեռնտու են ծայրահեղական շարժումները, որոնց դեմ պայքարելու համար նա ոչինչ չի ձեռնարկում: Նրանց ամրապնդումն ու ընդդիմության շարքերում առաջատար տեղ զբաղեցնելը գնալով ավելի շատ է արևմտյան երկրներին հետ պահում միջամտությունից:
Փորձագետը հիշեցրել է, որ Վաշինգտոնը ցայժմ հրաժարավել է սիրիական ընդդիմությանը ծանր սպառազինությունը մատակարարելուց, ինչը նվազեցնում է պատերազմին վերջ դնելու հավանականությունը: