Րաֆֆի Հովհաննիսյան. Եթե ձեզ պետք է թիրախ, այստեղ կանգնած եմ, խնդիր չկա (տեսանյութ)
Ազատության հրապարակում այսօր հրավիրված «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հայտարարեց, որ հարթակից հնչում են հրաշալի ելույթներ, ոգին բարձր է, համազգային միավորման պայքարը շարունակվում է՝ շնորհիվ «Դեմ եմ» նախաձեռնության երիտասարդներին:
«Մեզ մնում է այս պայքարի շարունակման եղանակում, երբ կոչերը նույնն են, պահանջը նույնն է, հասկանալ, որ գործի անցնելու ժամն է»,- նշեց նա:
Նրա խոսքով՝ քաղաքական կուսակցությունները, հասարակական նախաձեռությունները, ազատամարտիկները, երիտասարդները, գյուղը և քաղաքը միասին զորակցելով «Դեմ եմ»-ին՝ պետք է «վեր կենա ինքնագովեստից ու հասկանա, որ երկրի մի ծայրից մյուսը պահանջում եմ մեկ բան՝ ինքնիշխան Հայաստան, իշխանության վերադարձ ժողովրդին»:
«Ամենահեշտ բանն այսօր մեկին կամ մյուսին քննադատելն է, դժգոհություն արտահայտելը: Եթե ձեզ պետք է թիրախ, այստեղ կանգնած եմ, խնդիր չկա, բայց այսօր պահն է, որ ընդդիմադիր բոլոր կուսացությունները ԱԺ-ում և դրանից դուրս, քաղաքացիական նախաձեռնությունները, երիտասարդները, ազատամարտինները, հասկանան, որ խոսքով չի լուծվելու, գործ է պետք, գործի համար էլ պետք է երիտասարդ սերունդը, կրիտիկական որակյալ զանգվածը ու անկեղծ գիտակցումը»,- նշեց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց, որ Սահմանադրական դատարանը ինչ որոշում էլ կայացնի, մարդիկ, քաղաքական ուժերը, պետք է պատրաստ լինեն բոլոր պաստառները վայր դնել ու պահել միայն ՀՀ եռագույն դրոշը:
«Ժողովուրդը մի բան է ասում, ասում է՝ տղերք, միացեք, միացեք պրծնենք այս ապօրինի իշխանություններից և բերենք նոր սերնդին իշխանության: Եվ ուրեմն՝ մեզ բոլորիս հատ առ հատ՝ ինձ զորակցողներից մինչև իմ քննադատները, նրանք, ովքեր հեքիաթներով առաջնորդվել են մինչև հիմա, պետք է վայր դնեն այդ հեքիաթները, ու ժողովրդի ուժով շարունակենք միացյալ հրապարակի կերտումը»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա եզրափակեց իր խոսքը՝ ասելով, որ «Դեմ եմ» նախաձեռնությունը դառնալու է «կողմ եմ». «Կողմ իրավական Հայաստանի, և առանց Սերժ Սարգսյանի Հայաստանի»:
Տեսանյութը՝ «Ա1+»-ի