Նիկոլ Փաշինյան. Պարոնայք Սագսյաններ, դուք իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք (տեսանյութ)

«Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց ԵԿՄ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ քաղաքացիների 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային համաիարգի ներդրմանը՝ նշելով. «Սերժ Սարգսյանը խոստովանեց, որ հանրության 80 տոկոսը դժգոհ է պարտադիր կուտակային բաղադրիչը ներդնելու իշխանության որոշումից: Ի հեճուկս այս արձանագրման, Սերժ Սարգսյանը պնդեց, թե իրենք ներդնելու են համակագը, և իր լիակատար աջակցությունը հայտնեց այդ քաղաքականությանը: Այս մոտեցման մեջ է թաքնված ոչ միայն կուտակային պարտադիր բաղադրիչը, այլև՝ պետական իրականության պրոբլեմների, ձախողումների առանցքային պատճառը»:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ, հանրության 80 տոկոսը կարող է ընտրել նախագահ, խորհրդարան, կատարել սահմանադրական փոփոխություններ, որոշել երկրի ճակատագիրը.

«Հանրության 80 տոկոսը ՀՀ ժողովուրդն է, պետականության կրողը, ուրեմն՝ ովքե՞ր են նրանք, որ՝ իմանալով, որ 80 տոկոսը դեմ է այս կամ այն որոշմանը, հանդգնում են հայտարարել, թե կյանքի ենք կոչելու այս որոշումը: Պարոնայք Սագսյաններ, դուք իրավիճակը վերագնահատելու կարիք ունեք, կարիք ունեք հասկանալու՝ ովքե՞ր եք դուք, ի՞նչ կարգավիճակ ունեք այս երկրում»:

Կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի շուրջ ստեղծված այս պատմությունը, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, իսկապես ախտորոշում է այն հիվանդությունը, որ հյուծում է պետությունը:

Կարդացեք նաև

«Այսպես կոչված՝ էլիտայի արտոնյալ 20 տոկոսը շարունակաբար իր կամքն է պարտադրում հանրության 80 տոկոսին և ուրեմն՝ «Դեմ եմ» նախաձեռնությունն, իմ ընկալմամբ, պայքար չէ միայն հինգ կամ տասը կամ հիսուն հազար դրամի համար, այն պայքար է հանուն իրավունքի, հանուն հանրության»,- հավելեց նա:

Ն. Փաշինյանի խոսքով՝ կասկած չկա, որ այս պայքարը անխուսափելիորեն պսակվելու է հաղթանակով: «Իշխանությունը չի կարողանում ժողովրդին համոզել, որ արդարացված որոշում է կայացրել, Սերժ Սարգսյանի գլխավոր փաստարկն այն է, որ Հայաստանին հարկավոր են էժան փողեր՝ տնտեսության մեջ ներդնելու համար: Դուք սխալ տեղ եք փողեր փնտրում, պարոնայք, որովհետև թալանված ժողովուրդը փող չունի այլևս: Փող եք ուզում, դիմեք ներկա ու նախկին կոռումպացված պաշտոնյաներին, օլիգարխների գրպաններին, ովքեր, ըստ միջազգային կազմակերպության տվյալների՝ վերջին տասը տարվա ընթացքում 6 մլդ դոլար են դուրս տարել Հայաստանից»,- եզրափակեց նա:

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս