Ժ. Սէֆիլյան. Այո, մենք մեզ մեղավոր ենք զգում, որ չի հաջողվել հեռու պահել մեզնից մեր միջի տականքին (տեսանյութ)

«Դեմ եմ» հրավիրած հանրահավաքի ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ «Նախախորհրդարանի» անդամ Ժիրայր Սէֆիլյանը, ում «Դեմ եմ» նախաձեռնության անդամները ներկայացրին որպես ՀՀ քաղաքացի: Ժ. Սէֆիլյանը հայտարարեց, որ խոսելու է ոչ միայն կուտակային պարտադիր համակարգից: «Ես չեմ կարող միայն խոսել այստեղ բարձրացված նպատակի մասին, որովհետև քիչ առաջ երիտասարդների կողմից հնչեց, որ մենք ենք տերը մեր երկրի: Ես պատիվ եմ ունեցել գլխավորելու ջոկատ, որը առաջինը լինելով բացահայտ մուտք է գործել Ստեփանակերտ, այնտեղ էին ռուս զորքերը, և տեղակայվել էինք նրանցից հարյուր մետր հեռավորության վրա: Ինչո՞ւ եմ ասում բացահայտ, որովհետև մինչև մեր բացահայտ մուտքը գործել են ջոկատներ, բայց ընդհատակում: Քչերն էին հավատում, որ մենք կազատագրենք Արցախը, բայց մեզ հաջողվեց»,- նշեց նա:

Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, թե իշխանությունները կեղեքում են ժողովրդին, ապա շեշտեց. «Այո, մենք մեզ մեղավոր ենք զգում, որ չի հաջողվել հեռու պահել մեզնից մեր միջի տականքին: Եթե քսան տարի առաջ մեր սերունդը ազատագրեց Արցախը, ապա այսօր մեր սերունդն ու նոր սերունդը խնդիր ենք դրել ազատագրել Երևանն ու Հայաստանը»: Ժ. Սէֆիլյանի խոսքով՝ «Դեմ եմ» շարժումը իր առջև լոկ նյութական կորուստների կանխման խնդիր չի դրել, այլ՝ առաջին հերթին արժանապատվության:

Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց, թե հասարակությունը ունակ է իր կամքը պարտադրել հակառակորդին: «Ասում եմ հակառակորդ, որովհետև նրանք՝ այս ռեժիմի պարագլուխներ, պետական այրեր չեն, նրանց պետք է վերաբերել որպես օկուպանտի հոգեբանության ադմինիստրացիայի»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ազնիվ պայքարողներ այլևս չեն մնացել, Ժ. Սէֆիլյանը չհամաձայնեց դրանց: Անդրադառնալով կարծիքներին, որ Հայաստանը «հանձնվելու է ՌԴ-ին», նա հայտարարեց. «Մեզ հիշեցնում են պատմությունը, ասում են, թե պատմությունը սիրում է կրկնվել, նման պնդումները սին են, պատմությունը միշտ չէ, որ կրկնվում է, ես համոզված եմ, որ չի կրկնվի, Որովհետև մեր պատմությունը կերտողը մենք ենք, չենք զիջելու մեր ինքիշխանությունը, որովհետև մենք ենք տերը մեր երկրի»:

Կարդացեք նաև

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

Տեսանյութեր

Լրահոս