
ՀՅԴ-ն հրավիրում է հանրային քննարկում՝ «Նաիրիտի» հարցով

Մարտի 25-ին ժամը 18:30-ին «Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում» (Գյուլբենկյան 38) ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հրավիրել է մասնագիտական հանրային քննարկում «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի և գործարանի հետագա ճակատագրի շուրջ: Ինչպես 168.am-ին հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, օրակարգում ներառվել են մի շարք հարցեր՝ «Նաիրիտ» գործարանում ստեղծված իրավիճակի և դրանց պատճառների քննարկում, գործարանում կաուչուկի արտադրության առկա պոտենցիալը, ներդրողների կողմից առաջարկվող նոր տեխնոլոգիաները և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, նաև գործարանի վերագործարկման հնարավորությունները և ուղիները:
«Ինչպես հայտարարել ենք, մտադիր ենք հրավիրել մասնագիտական հանրային քննարկում՝ նպատակ ունենալով ապահովել բոլոր կողմերի տեսակետների ներկայացում, իսկ որպես արդյունք՝ իրավիճակից ելք գտնելու առաջարկի փաթեթ կներկայացվի»,- ասաց Ա.Մինասյանը:
Ա.Մինասյանը նշեց, որ հանրային քննարկմանը հրավիրվել են գիտնականներ, գործարանի ինժեներական և ղեկավար կազմը, պաշտոնապես հրավեր է ուղարկվել կառավարությանը, որպեսզի ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների, ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարները, ինչպես նաև կառավարության կողմից այլ պատասխանատու անձինք ներգրավվեն, նաև հրավիրվել են հանրության ներկայցուցիչներ, ովքեր ցանկություն կունենան մասնակցել քննարկմանը: