Ռուսաստանին դժվար կլինի հակադրվել, եթե այժմ Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ. Կոնստանտին Կալաչով
«Ես շատ եմ շփվում ադրբեջանցի լրագրողների հետ, որոնք հոգեխանգարմունք ունեն Ղարաբաղի թեմայի հետ կապված և շատ կոշտ են տրամադրված Հայաստանի հանդեպ, քննարկման այլ թեմա չունեն: Հասկանալի է, որ նրանց ավելի անհանգստացնում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները և հակամարտության սրման դեպքում ՌԴ կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցությունը: Դրա պատճառով ինչքան ՌԴ-ն թույլ լինի, այքան ավելի լավ Ադրբեջանի համար, որն ավելի ագրեսիվ կդառնա: Այդ առումով Ղրիմի դեպքերը հետևանքային ազդեցություն կարող են ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Քաղաքական փորձագիտական խմբի ղեկավար Կոնստանտին Կալաչովը:
Ըստ նրա՝ Ղրիմը կարող է ուղղակի և անուղղակի կորուստներ առաջացնել, և հետևանքները կարող են դրսորվել ապագայում: Քաղաքագետի կարծիքով՝ այժմ Ռուսաստանին դժվար կլինի հակադրվել, եթե Ղարաբաղը մտնի Հայաստանի կազմի մեջ, քանի որ նախադեպ կա և տարօրինակ կլինի, որ այն, ինչ կարելի է Ռուսաստանին, արգելվի Հայաստանին. «Ղարաբաղում բնակվում են հայեր, դա նրանց տարածքն է, ինչը մեծամասամբ նաև Ղրիմում էր ռուսների դեպքում: Դա լիովին նույն իրադրությունը չէ, բայց նմանություն կա: Մյուս կողմից Ռուսաստանն իսկապես նախադեպ դարձավ և մյուսները կարող են հետևել նրան, կսկսվի սահմանների վերանայում: Ռուսաստանը պնդում է, որ սա առանձնահատուկ դեպք է, և մեղավորն Ուկրաինայի ներկայիս ոչ լեգիտիմ իշխանությունն է, այլապես ՌԴ-ն չէր խառնվի, իսկ այլ իրադրությունները պետք է այլ կերպ լուծվեն: Այստեղ, իհարկե, խորամանկություն կա: Ամեն դեպքում, աշխարհի դրվածքը փոխվել է, մենք արթնացել ենք նոր աշխարհում և ետդարձի ճանապարհ չկա»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամի» վաղվա տպագիր համարում: