Տոկոսի գեներալները
Եթե ասենք, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաներից շատերի եկամտի աղբյուրը ոչ թե աշխատավարձն է, մեծ գաղտնիք բացահայտած չենք լինի։ Մեր քաղաքացիների մեծ մասն առանց դժվարության կթվարկի, թե որ պաշտոնատար անձն ինչ բիզնես ունի՝ անկախ նրանից, թե այդ բիզնեսներն արտացոլվա՞ծ են պաշտոնական հայտարարագրերում, թե՞ ոչ։
Սակայն մեր պաշտոնյաների եկամտի աղբյուրը ոչ միայն իրենց բիզնեսներից ստացված շահաբաժիններն են։ Նրանք եկամուտ են վաստակում նաև արդեն վաստակած գումարներից։ Այսինքն՝ չեն քնեցնում իրենց գումարները, այլ տոկոս են աշխատում դրանց վրա։
Խոսքը վաշխառությամբ կամ տոկոսով փող տալու մասին չէ, թեպետ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մեր պաշտոնյաները միջնորդավորված եղանակով բավականին մեծ գումարներ են տոկոսով տալիս և բավականին բարձր տոկոսադրույքներով (տարեկան՝ 60-120%-ով)։
Խոսքը միանգամայն օրինական տոկոսավճարների մասին է, որոնք մեր պաշտոնյաները ստանում են բանկերում՝ որպես ավանդ ներդրած գումարներից։
Այդ եկամուտներն, ի դեպ, արտացոլված են պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում։
Հենց դրանց հիման վրա էլ մենք ուսումնասիրել ենք ՀՀ կառավարության անդամների «տոկոսային» շարժը։ Հայտարարագրերը լրացվել են 2013 թվականին և վերաբերում են 2012 ֆինանսական տարվան (դրանք ամենաթարմ փաստաթղթերն են)։
Եվ այսպես, տոկոսային եկամուտների առումով առաջին տեղում վարչապետ Տիգրան Սարգսյանն է։ 2012 թվականին, բացի աշխատավարձից և դասախոսությունների համար վճարից, Տ. Սարգսյանը հայտարարել է նաև ավանդից ստացվող տոկոսավճարներ՝ 3 կետով՝ 13.3 միլիոն դրամ, 291 հազար դրամ և 22.3 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, Տիգրան Սարգսյանը 2012-ի ընթացքում ստացել է շուրջ 36 միլիոն դրամի (մոտավորապես 90 հազար դոլար) տոկոսային եկամուտ։
Հաշվի առնելով, որ ավանդների տարեկան միջին տոկոսադրույքը 6-10% է (դոլարի համար ավելի քիչ, քան դրամի), կարելի է ենթադրել, որ Տիգրան Սարգսյանի ավանդի չափը կազմում է 900 հազարից մինչև 1.4 միլիոն դոլար։
Ի դեպ, Տիգրան Սարգսյանի հայտարարագրի համաձայն՝ նա իր հաշվին ունեցել է 920.8 հազար դոլար և 12.6 միլիոն դրամ։ Ըստ երևույթին, վարչապետը բավականին արդյունավետ է օգտագործում իր միջոցները. Չի քնեցնում, այլ ավանդ է ներդնում՝ եկամուտ ապահովելով՝ իր համար, և երկար փողեր՝ տնտեսության։
Իր մեծությամբ երկրորդ «տոկոսով փող տվողը» բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն է։ 2012 թվականի ընթացքում նա ավանդներից ստացել է 27.9 միլիոն դրամ տոկոսավճար։ Նշենք նաև, որ Արամ Հարությունյանը, բացի այդ գումարից և աշխատավարձից՝ ունեցել է նաև 21.6 միլիոն դրամի եկամուտ վարձավճարից և 15.9 միլիոն դրամ՝ շահաբաժին։ Ընդհանուր առմամբ, տարվա վերջին նա իր հաշվին ունեցել է 84.5 միլիոն դրամ, 8200 դոլար և 643 հազար եվրո։ Ինչպես տեսնում ենք, բնապահպանության նախարարը բավականին ապահովված մարդ է և իր խնայողությունները պահում է հիմնականում եվրոյով։
Երրորդ տեղում սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն է։ Վերջինս հայտարարագրել է ավանդից ստացվող տոկոսավճարներ՝ 4 կետով՝ 297.5 հազար դրամ, 540 հազար դրամ, 748 հազար դրամ և 694 հազար դրամ։ Ընդհանուր՝ 2 միլիոն 279 հազար դրամ։
Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Վաչե Գաբրիելյանը 2012-ի ընթացքում, բացի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից, ստացել է 759 հազար դրամի տոկոսավճար՝ ավանդից։
Հնգյակը եզրափակում է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Նա հայտարարագրում նշել է, որ տոկոսավճար է ստացել փոխառությունից (ոչ թե ավանդից)։ Սակայն գումարը խորհրդանշական է՝ ընդամենը 3678 դրամ։
Օրինակ՝ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտարարագրում նշել է, որ 2012 թվականին փոխառություն է տվել 37.6 միլիոն դրամի չափով, և տվյալ տարում վերադարձրել է այդ գումարից 18.2 միլիոնը։ Սակայն եկամուտների բաժնում տոկոսավճար չկա։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ Ա.Սահակյանն անտոկոս գումար է տրամադրել։ Նման բան հազվադեպ է պատահում։
Ավելի անհասկանալի է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարագիրը։
Եկամուտների մասում նա լրացրել է՝ 3.7 միլիոն դրամի աշխատավարձ, 3 միլիոն դրամի «այլ եկամուտ» (չի նշվում թե ինչ) և 7.5 միլիոն դրամի փոխառություն։ Ուշադրություն դարձրեք՝ հայտարարագրում նշվում է ոչ թե փոխառությունից ստացված տոկոսավճար, այլ հենց փոխառություն։ Այսինքն՝ Հրայր Թովմասյանը պարտք է վերցրել։ Իսկ դա տարօրինակ է, որովհետև Հրայր Թովմասյանը, ըստ նույն հայտարարագրի՝ իր հաշվին տարվա սկզբին ունեցել է 70 հազար դոլար և 6750 եվրո, որոնց չափը տարվա ընթացքում չի փոխվել։ Իսկ դրամային միջոցները զրոյից հասել են 16.7 միլիոնի (սա նույնպես անհասկանալի է)։
Վերջին խնդիրը՝ եկամտի աղբյուրի բացակայությունը, նկատելի է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հայտարարագրում։ 2012 ընթացքում նա որպես եկամուտ՝ հայտարարագրել է միայն աշխատավարձ՝ 4.1 միլիոն դրամ։ Սակայն տարվա ընթացքում նրա հաշվին եղած դրամական միջոցները 3 միլիոնից հասել են 30 միլիոնի։ Ինչի՞ հաշվին են նախարարի խնայողություններն ավելացել 27 միլիոնով, հայտարարագիրը չի բացատրում։
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս համատեքստում առանձնանում է մյուսներից։ Նա միակ նախարարն է, ով ոչ թե ավանդ չի ներդրել, այլ վարկ է վերցրել։ Այսինքն՝ ոչ միայն ազատ միջոցներ չունի, այլև դրամի կարիք է ունեցել։ 2012 թվականին ստացել է 10 միլիոն դրամ և 20 հազար դոլարի վարկ։ Մեծ չափով ազատ գումարներ ունեցող նրա գործընկերները, թերևս, կարող էին խնդիրները լուծելու համար անտոկոս փոխառություն տրամադրել Աշոտյանին, սակայն, թերևս, կամ ինքը չի խնդրել, կամ էլ մերժել են։
Մյուս նախարարները հայտարարագրերի եկամուտների բաժնում ավանդից ստացված տոկոսների մասին չեն հիշատակել, սակայն այնտեղ նույնպես կան հետաքրքիր դրվագներ։
Օրինակ, Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը մինչև նախարար աշխատելը բավականին լավ է վարձատրվել։ Նա ստացել է 9.1 միլիոն դրամ աշխատավարձ, 53.6 միլիոն դրամ շահաբաժին և ավելի քան 11 միլիոն դրամ՝ որպես խորհրդատվության վճար։ Ճիշտ է, շահաբաժին նա այժմ էլ կարող է ստանալ, սակայն նրա աշխատավարձը երեք անգամ քիչ է, իսկ վճարովի խորհրդատվություն տալ այլևս չի կարող։
Քաղաքաշինության նախարարի եկամտի հիմնական աղբյուրը գյուղմթերքն է։ Նա ստացել է, ընդհանուր առմամբ, շուրջ 4.5 միլիոն դրամ աշխատավարձ և 20 միլիոն դրամի գյուղմթերք։
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բացի 6.3 միլիոն դրամ աշխատավարձից լրացուցիչ 15 միլիոն դրամ է ստացել իրեն պատկանող Mercedes-Bensz G500-ի վաճառքից։
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը որպես աշխատավարձ՝ ստացել է 3.8 միլիոն դրամ, ևս 24.2 միլիոն՝ որպես փոխհատուցում։ Թե դա ի՞նչ փոխհատուցում է, հայտարարագրում չի նշվում։
Բաբկեն Թունյան