«Կառավարությանն անվստահություն հայտնելու քայլը խնդիրների լուծումը չէ, դա համախմբման գործիք է»
«Ժառանգություն» կուսակցության ներսում ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի շուրջ առկա տարակարծություններից խուսափելու համար ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհուրդ է տալիս լսել կուսակցության այն անդամներին, որոնք արտահայտում են «Ժառանգության» իրական դիրքորոշումը:
Օրերս «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն ասել էր, թե իրենք կողմ կլինեն կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, եթե քառյակը դնի նաև ամբողջական իշխանափոխության հարց: Պատասխանելով հարցին՝ արդյոք «Ժառանգությունը» քառյակի հետ համատեղ նիստերի ժամանակ նման նախապայման դրե՞լ է, Լևոն Զուրաբյանը պատասպանեց. «Ես ձեզ խորհուրդ կտամ հետևել այն կանոնին, որին հետևում ենք մենք. եթե մենք ուզում ենք իմանալ «Ժառանգության» դիրքորոշումը, լսում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին, Ռուբիկ Հակոբյանին, Արմեն Մարտիրոսյանին: Սա մեզ համար «Ժառանգության» իսկական դիրքորոշումն է: Մենք գիտենք՝ ով է արտահայտում «Ժառանգության» դիրքորոշումը: Առաջարկում եմ ձեզ հետևել իմ այս խորհիդին, և լսել այն մարդկանց, ովքեր լիազորված են հայտնել «Ժառանգության» տեսակետը… «Ժառանգությունը» ուղարկում է լիազորված անձանց, ներկայացուցիչների, և մենք նրանց տեսակտներն ընդունում ենք որպես պաշտոնական տեսակետ: Մենք նաև հաշվի ենք առնում այն, որ իրենց կուսակցությունում, սրա մասին իրենք են ասում, ազատական մթնոլորտ է, տարբեր մարդիկ կարող են տարբեր տեսակետներ հայտնել, անգամ այնպիսի տեսակետներ, որոնք հակասում են կուսակցության պաշտոնական գծին, դիրքորոշումներին, սա նորմալ է: Դրա համար մենք լսում ենք նրանց կարծիքները, ովքեր լիազորված են»:
Միաժամանակ Լ. Զուրաբյանը նշեց, որ ամբողջական իշխանափոխությանը ՀԱԿ-ը ևս կողմնակից է, ապա հիշեցրեց. «Միշտ էլ ասել ենք, որ կառավարությանն անվստահություն հայտնելու քայլը խնդիրների լուծումը չէ, դա համախմբման գործիք է, ինքնին լավ գործըթնաց է, բայց նաև մի քայլ է, որը սկիզբ է դնում մի պրոցեսի, որի ավարտն է Սերժ Սարգսյանի կոռումպացված ռեժիմի հեռացումը»: