«Հայաստանում գունավոր հեղափոխության դեպքում կարող եք մարշներդ նվագել Ղարաբաղից». Ալեքսանդր Դուգին. «Ժամանակ»

«Ժամանակին զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» լիդեր, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը:

– Պարոն Դուգին, ինչպե՞ս եք գնահատում եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտների հետագա ճակատագիրը, երբ տեսնում ենք, որ ՌԴ-ն ուկրաինական զարգացումների ողջ ընթացքում չստացավ իր ամենահավատարիմ բարեկամների՝ Բելառուսի և Ղազախստանի աջակցությունը, որոնց հետ պետք է ձևավորի եվրասիական միասնական տնտեսական միությունը:
– Ճիշտ չի լինի ասել, որ Ղազախստանն ու Բելառուսը չեն աջակցում Ռուսաստանին, դա արևմտյան պրոպագանդայի արդյունքն է, ուկրաինական պրոպագանդայի արդյունքն է, որի նկատմամբ վստահություն չկա: Լուկաշենկոն հրամանագիր է արձակել, որպեսզի Բելառուսի տարածքում ռուսական ռազմավարական ավիացիայի կործանիչներ տեղակայվեն, իսկ Նազարբաևն ավելի փափուկ դիրքորոշում ունի, թեև կանգնում է Պուտինի կողքին: Այս պարագայում ասել, որ ՄՄ անդամ երկրները չեն կանգնում Ռուսաստանի կողքին բացարձակապես սուտ է: Ռուսաստանը Ղրիմում գործեց ստիպված:
Արևմուտքն Ուկրաինայում իշխանության է բերել նեոնացիստական մի խունտայի, անօրինական, ոչ լեգիտիմ, որպեսզի այդ խունտան, ուշադրություն չդարձնելով, որ կան ժողովրդավարական գործընթացներ, վերացնի Սևաստոպոլում տեղակայված ռուսական ռազմաբազաները, որպեսզի սկսի ակտիվ ազգայնական աշխատանք հասարակության հետ, և որպեսզի Ուկրաինայում սկսի թևածել հակառուսական տրամադրություն: Մայդանի պատճառները հենց Յանուկովիչի քայլն էր՝ ուղղված դեպի Ռուսաստան: Հենց սրանից էլ ամեն ինչ սկսվեց: Ուկրաինայի մերձեցումը Ռուսաստանին թույլ չտալու համար մտածվեց «Մայդանը», դա ամերիկյան պրոյեկտ էր, որն իրականում իրականացրեց պետական հեղաշրջում: Դրանից հետո ՌԴ-ն, որպեսզի պաշտպանի Ղրիմի ռուս բնակչությանը ցեղասպանությունից, որպեսզի կանխի նեոնացիստական իշխանության գոյությունն Ուկրաինայում, որոշում ընդունեց դիտարկել Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելու հնարավորությունը: Այս որոշումները Պուտինն ընդունել է ի պատասխան Կիևում ԱՄՆ գործողությունների, ուստի Ռուսաստանը գործում է ելնելով ստեղծված իրավիճակից: Ռուսաստանը չի ազդել Մայդանի վրա, ճնշումներ չի բանեցրել Ուկրաինայի նկատմամբ, Ռուսաստանը պահպանել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը: Բայց միջազգային իրավունքում գոյություն ունի ինքնորոշման իրավունք, սա միջազգային իկրավունքի նորմ է, Ամերիկան օգտագործում է այդ իրավունքն ընտրողաբար` ծառայեցնելով իր սեփական շահերին. երբ հարցը Կոսովոյին է վերաբերում Ամերիկան ընդունում է այդ իրավունքը, իսկ երբ ձեռնտու չէ, ապա ԱՄՆ-ն չի ճանաչում:

Շատ երկրներ են կապված Ամերիկայի հետ, ֆինանսական օլիգարխները, որոնք տրամադրություն են ստեղծում երկրի քաղաքական զարգացումներում, որոնք գումարներ են պահում արևմտյան երկրներում, և հիմա, երբ ՌԴ-ն մարտահրավեր է նետել ամերիկյան հեգեմոնիային, բոլոր կողմերից ճնշումների տակ է, այդ թվում` այն երկրների կողմից, որոնք ՄՄ-ում են: Միջազգային դաշտի բոլոր խաղացողների վրա Արևմուտքն աննախադեպ ճնշումներ է գործադրում: Ռուսաստանը պայքարում է բազմաբևեռ աշխարհի համար, և այն խաղացողները, ովքեր ցանկանում են միաբևեռ աշխարհ, բոլոր միջոցները գործադրում են միաբևեռ աշխարհի համար: ՄՄ անդամ երկրները, մեծ հաշվով, աջակցում են Ռուսաստանին, և դա բնական է, այլ հարց է, որ նրանք ևս կապված են Արևմուտքին և չեն կարող դեմ գնալ ամբողջությամբ այդ ճնշումներին:

– Ղրիմի ՌԴ կազմ մտնելը կանաչ լույս չի՞ վառում արդյոք Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:

– ՆԱՏՕ-ին կարելի է անդամակցել միայն այն դեպքում, երբ երկիրը չունի տարածքային պահանջներ: Սա ՆԱՏՕ-ի օրենքն է, որովհետև ՆԱՏՕ-ն չի կարող իր կազմ ընդունել երկիր, որը գտնվում է պատերազմի մեջ, ՆԱՏՕ-ի սահմանադրությունը սա արգելում է: Եթե Ղրիմը լինի ՌԴ կազմում, իսկ Ուկրաինան դա չընդունի, համապատասխանաբար այդ խոսակցությունը փակվելու է, քանի որ Ուկրաինան չպետք է ունենար տարածքային որևէ վեճ: Ամերիկացի փորձագետները երկար ժամանակ է` ասում են, թե սուվերենությունը կեղծավորություն է, այս աշխարհում կարող են սուվերենություն ունենալ միայն մի քանի տերություններ, որոնք ունեն միջուկային զենք: Այսինքն՝ սուվերեն Ուկրաինա գոյություն չունի, Ամերիկան մտածում է, որ կարող է ղեկավարել ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանը պնդում է իր տերության տարածքային կարգավիճակը, Հայաստանը մտնում է այդ ազդեցության գոտի, այսինքն՝ մտնում է ռուսական ազգային անվտանգության գոտու մեջ` այնպես, ինչպես Ուկրաինան, թեև Ուկրաինան ավելի շատ, քանի որ Ուկրաինայում ավելի շատ է ռուսալեզու բնակչությունը, իսկ Հայաստանում չկա ռուսալեզու բնակչություն: Ուստի Ռուսաստանն իրեն դրսևորում է որպես դեռևս միայն տարածաշրջանային խաղացող, մենք դեռ չենք հավակնում մասնակցել գլոբալ քաղաքականությանը, մենք չենք հարձակվում ԱՄՆ-ի վրա, Մեքսիկայի կամ Լատինական Ամերիկայի վրա: Ես կարծում եմ, որ սա սարերի ետևում չէ, բայց մի ողջ փուլ պետք է անցնել դրա համար: Մենք արդեն սահմանափակում ենք ամերիկյան հեգեմոնիան մեր ազգային հետաքրքրությունների շրջանակում: Հաղթանակը մերն է լինելու, ժողովուրդը Պուտինին աջակցում է: Եթե Ամերիկան սպառնա մեր տարածքներում մեր շահերին, այդ թվում` Ղրիմում կամ Հարավարևելյան Ուկրաինայում, ապա մենք չենք զիջելու:

– Պարոն Դուգին, այսօր Հայաստանում չորս ոչ իշխանական ուժեր լայն կոնսոլիդացիայի են ձգտում ընդդեմ իշխանության: Հետաքրքիր է՝ Ռուսաստանը կաջակցի՞ Հայաստանում այս ուժերի իշխանափոխության նախաձեռնությունը, թե՞ Ռուսաստանին ձեռնտու են ներկայիս իշխանությունները:

– Ռուսաստանի դեպքում ամեն ինչ պարզ է, Ռուսաստանը բարեկամաբար է տրամադրված, աջակցելու է և՛ ռազմական, և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով այնպիսի Հայաստանի, որը ՌԴ նկատմամբ բարեկամաբար տրամադրված կլինի: ՌԴ-ն կլինի բարեկամ Հայաստանի համար, եթե Հայաստանը լինի ՌԴ բարեկամը: Այդ պարագայում մեր զորքերը կմնան ԼՂ-ում, մեր ռազմաբազաները՝ ևս, ամեն ինչ կլինի լավ ու բարեկամական: Ռուսաստանում ավելի քիչ, բայց ձեռնտու կլինի չեզոք Հայաստանը, Հայաստան, որը կգործի ՀՀ շահերին համաձայն, որը կդնի պահանջներ, բայց տրամաբանության սահմաններում: Եթե Հայաստանը սկանդալներ սարքի, պահանջի արտոնություններ, ՌԴ-ն կկոռեկտացնի այդ պահանջներն ու «կապրիզները» որոշակի քայլերով` ուղղված այլ երկրների: Եթե ՀՀ իշխանության գլխին գան պրոարևմտյան ուժեր և տեղի ունենա հայկական գունավոր հեղափոխություն, ուրեմն Հայաստանը գոյություն չի ունենա, որովհետև այն հետսովետական երկրները, ովքեր չեն կարողանում համաձայնության գալ ՌԴ հետ, այդ երկրները տապալվում են: Կարելի է մոռանալ Հայաստանի և ԼՂ-ի մասին, ՌԴ-ն շատ մեթոդներ ունի իրավիճակը կարգի բերելու համար:
Հայաստանը սուվերեն պետություն չէ միջազգային հարաբերությունների տեսության առումով, կախյալ պետություն է, ուստի պետք է ընտրի՝ ումից կախված լինել ավելի մեծ չափով, եթե ավելի շատ է կախվածությունը ՌԴ-ից, ապա ամեն ինչ լավ է, եթե փորձում է խաղալ հակադրությունների վրա, ապա դա վտանգավոր է, եթե ՀՀ-ն դառնա պրոամերիկյան, ապա Հայաստանն իր ներկայիս սահմաններով գոյություն ունենալ չի կարող, Ղարաբաղին էլ կարող են հաջողություն ասել, հավաքել իրերն ու գնալ: Հայերը մեր ընկերներն են, քրիստոնյա ընկերները, և այդ բարեկամությունը միակողմանի չի լինում, եթե մենք բարեկամություն ենք անում, պետք է հայերն էլ նույնն անեն: Եթե Հայաստանում ձևավորվեն ռուսաֆոբ, պրոամերիկյան քաղաքական խմբեր, ապա Հայաստանը ստիպված կլինի հատուցել ամենավատ ձևով: Ամփոփելով նշեմ, որ ՌԴ-ին ՀՀ-ում ձեռնտու են բարեկամական, քիչ ձեռնտու են՝ չեզոք, իսկ ձեռնտու չեն պրոամերիկյան ուժեր: Այդ օրենքն իրենց վրա զգացել են վրացիները, մոլդովացիները, ուկրաինացիները: Ցանկացած հետսովետական երկրի տարածքային ամբողջականություն կախված է առաջին հերթին այդ երկրի հարաբերություններից Մոսկվայի հետ:

– Այսինքն՝ ներկայիս իշխանություններն ամբողջությամբ ձեռնտո՞ւ են Ռուսաստանին:

– ՌԴ-ն պասիվ է հետսովետական երկրների ներքաղաքական հարցերում և ներքաղաքականությանը միջամտում է շատ քիչ, դնում է միայն սահմաններ: Ռուսներին, իհարկե, ձեռնտու է և ցանկալի շփվել պրոռուսական ուժերի հետ, Հայաստանում շատ քիչ են այդպիսիք, բայց շատ են հայրենասեր քաղաքական ուժերը, որոնց հետ ՌԴ-ն կարող է լեզու գտնել: Եթե մենք գործ ունենք ՀՀ նախագահի հետ, ով հայրենասեր մարդ է, ռացիոնալ է, մենք այդպիսի ղեկավարի հետ այսպես թե այնպես համաձայնության ենք գալիս:

– Օրերս Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մի սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում, այդ իսկ պատճառով՝ լավագույն տարբերակը Ղարաբաղը ՌԴ կազմում ընդգրկելն է: Որքանո՞վ է սա կոռեկտ արտահայտություն:

– Ժիրինովսկին սովորաբար անում է գրոտեսկային հայտարարություններ: Իրականություն նրա ասածների մեջ կա: Նրա ասածների մեջ մի քիչ ճիշտ ու մի քիչ սուտ կա: Ակնհայտ է, որ Ժիրինովսկին մտածում է ՌԴ համար գերտերության սցենարներ, մարդիկ կան, որ նրա ասածներին հումորով են վերաբերվում, կա հումոր նաև նրա ԼՂ-ի վերաբերյալ ասածի մեջ, հայրենասիրական հումոր է: Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չունի, միգուցե դա որևէ մեկի դուրը չի գալիս, բայց լուծում չկա: Դե յուրե այն պատկանում է Ադրբեջանին, իսկ դե ֆակտո Հայաստանի կազմում է, Ադրբեջանը կարող է հույսեր ունենալ, որ կարող է ուղիղ վերահսկողություն ունենալ ԼՂ-ի նկատմամբ, ուստի այս ստատուս քվոն ձեռնտու է Հայաստանին: Բոլորին ձեռնտու է ստատուս քվոն: Այս կարգավիճակը բոլորին է ձեռնտու և բավարար, իսկ Արևմուտքը սովոր է այս հակամարտությանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս