Ասենք, իքս իգրեկյանը ուզում է ելույթ ունենալ, նրա ելույթի նրբերանգները պետք է համապատասխանեն, չէ՞

168.am-ի հարցազրույցը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ

– Մարտի 14-ին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները դռնփակ նիստում հանդիպեցին «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին՝ քննարկելու մարտի 22-ին կայանալիք հանրահավաքի կազմակերպչական հարցերը: Մամուլի հրապարակումների համաձայն, չորս ուժերը դեմ են եղել, որ Նիկոլ Փաշինյանն ու Ժիրայր Սէֆիլյանը ելույթ ունենան հանրահավաքում: Ինչո՞վ կբացատրեք այս որոշումը:

– Ես քննարկումներից ինֆորմացված չեմ: Բայց կարծում եմ, որ քառյակը այդ շարժման հետ միասին պետք է կոնսոլիդացված, նպատակային գնա դեպի հարցի լուծում: Քառյակը սատարել է «Դեմ եմ» նախաձենությանը և համատեղ պայքարի ուղղվածությունը պետք է իր առանձնահատկությունները, ուղղվածությունը պահպանի: Հիմա դուք ի՞նչ եք ուզում ասեմ, ասեմ՝ կո՞ղմ եմ այդ որոշմանը, թե՞ ոչ:

– Պարոն Մելքումյան, որպես քառյակի մասը կազմող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ անձամբ Դուք դեմ կլինե՞ք, որ հանրահավաքում ելույթ ունենան Ժիրայր Սէֆիլյանն ու Նիկոլ Փաշինյանը:

Կարդացեք նաև

– Դեմի կամ կողմի խնդիր չեմ տեսնում՝ նայած նրանք ինչ պիտի ասեն, ինչ ձևաչափով… Ցանկացած մարդ, ով ելույթ է ունենում, որը կողմ է քառյակի հարցադրման ուղղվածությանը, իսկ քառյակը, գիտեք, որ որոշակի ուղղվածություն ունի, որը պիտի պահպանվի, ելույթ է ունենում: Մենք խնդիրը չենք անձնավորում, հիմա, ասենք, իքս իգրեկյանը ուզում է ելույթ ունենալ, նրա ելույթի նրբերանգները պետք է համապատասխանեն, չէ՞:

– Այսինքն՝ քառյակը մտահոգություն ունի, որ Ն. Փաշինյանի ու Ժ. Սէֆիլյանի ելույթները չեն համապատասխանի՞ «քառյակի հարցադրման ուղղվածությանը»:

– Չգիտեմ… մտահոգություն չկա, դա պետք է նիստերի ընթացքում քննարկվեր: Բայց ես կարծում եմ, որ դոմինանտ պետք է լինի քառյակի որոշումը, եթե քառյակի ներկայացուցիչները, ովքեր լիազորված են մասնակցել այդ նիստերին, որոշել են՝ տվյալ պահին պետք է այդպես լինի, ուրեմն՝ պետք է: Նման բան կա՞, որ ով ուզում է ելույթ ունենալ, գնում է ելույթ է ունենո՞ւմ: Ես Ձեզ հարց եմ տալիս՝ հիմա, ասենք, ես կամ դուք, ուզում ենք ելույթ ունենալ, չպե՞տք է գնանք, մի հատ ասենք՝ ինչ ենք ուզում ասել, չպե՞տք է մեր ելույթը համապատասխանի քննարկման ոգուն, շեշտադրմանը, որ արդյունավետ լինի…

– Տպավորություն է, որ քառյակը չի էլ ցանկացել փորձել համաձայնեցնել այդ անձանց հետ ելույթի բովանդակությունը, այլ՝ դեմ է արտահայտվել նրանց մասնակցությանը:

– Եթե ամեն մարդ իր լուման է կարողանում ներդնել պայքարում, և այդ լուման արդյունավետ է, ուրեմն՝ ես կողմ եմ, ով էլ ուզում է լինի, բայց պետք է համահունչ լինի «Դեմ եմ» շարժման մարտավարությանը, ռազմավարությանը: Եթե կտեղավորվի՝ ավելի լավ, եթե չէ՝ չէ:

– Հիմա եթե համահունչ լինի «ոգուն» Դուք դեմ չեք լինի՞ նրանց մասնակցությանը, այսինքն՝ կտրականապես դեմ չե՞ք, ճիշտ եմ Ձեզ հասկանում:

– Ես ծանոթ չեմ, Սէֆիլյանի մասով չեմ կարող ասել, ծանոթ չեմ, թե նա ինչ է ասում, ինչ չի ասում, բայց ես կողմ եմ քառյակի որոշումներին, որոնցից ինձ չեմ առանձնացնում: Քառյակը ինչպես որոշել է, ես դրան կողմ եմ: Ամեն կուսակցությունից մենք ներկայացուցիչ ենք պատվիրակել այդ բանակցություններին մասնակցելու համար և նշանակում է, որ այդ մարդկանց մենք վստահել ենք ու ես պարտավոր չեմ ամեն րոպե հետևել այդ ներքին աշխատանքին, ես վստահում եմ իմ ընկերներին ու եթե նրանք որոշել են այդպես՝ ես կողմ եմ դրան:

– ԲՀԿ-ից ովքե՞ր են ելույթ ունենալու:

– Տեղյակ չեմ:

– Դուք ելույթ կունենա՞ք:

– Ոչ, առայժմ ինձ որևէ մեկը որևէ բան չի ասել:

Տեսանյութեր

Լրահոս