Բաժիններ՝

Խաղալով «Ռոմեո» կնոջից 24 հազար դոլար է ստացել

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:

Հեշտ փողեր ստանալու համար 44-ամյա Սամվել Արմենակյանը այնպիսի վարպետությամբ է սիրահարված «Ռոմեո» խաղացել, որ նրա թիրախ ընտրված կինը առանց մի վայրկյան կասկածելու համաձայնել է իր բնակարանը բանկում գրավ դնել, գումար վերցնել ու «վճարել» հանուն սիրո:

Հետո, սիրահարված «Ռոմեոն» վերածվել է ամենաշարքային խարդախի: 2011 թվականին Հասմիկ Ափինյանի կյանքում հայտնվել է Սամվել Արմենակյանը. Հասմիկի պատմելով` Սամվելը գերմարդկային վերաբերմունք էր ցուցաբերում իր եւ իր ընտանիքի նկատմամբ. «Այնպիսի տպավորություն էր, որ որպես կին վերջապես հզոր թիկունք ես զգում, ու պաշտպանված: Ես կարծում էի` Սամվելը այն միակ տղամարդն է, որին սպասել եմ իմ ամբողջ կյանքում: Նա հաշմանդամ հորս հանդեպ այնքան ուշադիր էր ու հոգատար, որ ես նույնիսկ Աստծուն էի շնորհակալ, որ նման մարդ է հայտնվել իմ ընտանիքում»: Մինչդեռ, այդ սիրահար տղամարդու նպատակը, ինչպես ամիսներ հետո 47-ամյա Հասմիկն է պարզել, ընդամենը 24 հազար դոլլար «պոկելն էր» այս միամիտ կնոջից:

Մեզ հետ զրույցում Հասմիկը պատմեց, որ Սամվել Արմենակյանը սիրահարի իր դերով կարողացավ համոզել իրեն, որ բնակարանը, որի համասեփականատերն է կինը, բանկում գրավ դնի` Հասմիկի ստորագրությամբ եւ նրա հարազատների երաշխավորությամբ:

Կարդացեք նաև

«Նա ինձ վստահեցրեց` իբր բիզնես է սկսում ու որոշ գումար ունի, բայց պակասում է այդ 24 հազար դոլարը: Սկեսց համոզել, որ շատ կարճ ժամանակում կմարի այդ պարտքը, մեզ համար է աշխատում, որ մենք միասին նոր բնակարան ձեռք բերենք ու ապրենք երջանիկ: Դե ես էլ հավատացի, կասկածելու առիթ էլ չունեի, որովհետեւ շատ պարկեշտ էր իրեն դրսեւորում: Վարկը ձեւակերպելուց ու գումարը ստանալուց, ընդամենը 3 ամիս հետո Սամվելի դիմակը պատռվեց: Երբ հետաքրքրվեցի, թե ի՞նչ ընթացքում է վարկի մարումը, վստահեցրեց, որ շուտով կվճարի, այնինչ 3-4 ամիս տոկոսները վճարելուց հետո, այլեւս վճարում չէր արել: Սկսեցի անհանգստանալ, հարց ու փորձից հետո նա սկսեց իրեն ագրեսիվ պահել, սպառնալ` եղբորդ, հորդ, քրոջդ կսպանեմ: Հետո խոստովանեց` ինձ ձեր տուն եղբորդ ընկերն է ուղարկել, ձեզ քցելու եմ, եկել եմ, որ ձեր տունը խլեմ ձեզանից: Ամենավերջին հայհոյանքներով սպառնաց` եթե բողոքեմ, ապա կսպանի ինձ էլ, ընտանիքիս անդամներին էլ: Բազմիցս էլեկտրաշոկ է պահել իմ եւ հորս վրա»,-պատմեց Հասմիկը:

Հասկանալով, որ Սամվելն ամենեւին էլ Ռոմեո չէ, այլ հասարակ խաբեբա, Հասմիկ Ափինյանը դիմել է ոստիկանություն, բայց այս քայլն ավելի է զայրացրել Սամվել Արմենակյանին, ով սկսել է պարբերաբար զանգահարել, հաղորդագրություններ ուղարկել Հասմիկին եւ կրկին սպառնալ, թե վերջ կտա նրա ընտանիքի անդամների կյանքին: Հասմիկի պատմելով` «Վախից տանից դուրս չէինք գալիս, գիշերն էի գնում հիվանդանոց ներարկումների համար, այդ սթրեսային վիճակներից առողջական վիճակս վատթարացավ, անգամ վիրահատվել եմ: Մի օր էլ Սամվելը զանգել էր էլի նույն ահաբեկումներով, ասաց` հաց առնելու դուրս կգաք, չէ՞, կգամ կտենամ ու կսպանեմ ձեզ»:

Մահվան սպառնալիքների ու ահաբեկման համար ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել Հասմիկի բողոքի հիման վրա. ներկայումս Սամվել Արմենակյանը հետախուզման մեջ է: Արդեն 6 ամիս է ոստիկանությունը չի կարողանում հայտնաբերել ահաբեկողին, մինչդեռ Հասմիկ Ափինյանը, մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ Սամվելը հետախուզման ընթացքում էլ պարբերաբար զանգահարել է իրեն, եւ ամենեւին էլ կորած չէ, որ ոստիկանությունը չի կարողանում նրան գտնել. «Ես քննիչին էլ զգուշացրի, որ հես-հեսա Սամվելը զանգելու է, հեռախոսազրույցը լսեք ու գուցե նրա գտնվելու վայրը պարզեք: Բայց ոստիկաններն ինձ ասացին, որ հեռախոսազրույցը լսելու իրավունք չունեն, քրգործով հոդվածը դա թույլ չի տալիս: Սամվելը մոտ 2 ամիս առաջ էլ զանգել էր ինձ, համոզում էր հանդիպել, վախեցա ու չգնացի: Չգիտեմ, թե այս շարքային հանցագործին ինչո՞ւ ոստիկանությունը չի ուզում գտնել, չեմ կարծում, թե նրան հայտնաբերելն այդքան բարդ գործ է»:

Հասմիկ Ափինյանը ոստիկականություն էր դիմել նաեւ Սամվել Արմենակյանին խարդախության մեջ մեղադրելու համար, սակայն քրեական գործ չի հարուցվել, հիմնավորմամբ` հանցակազմի բացակայություն: Ոստիկանության այս որոշումը հիմա բողոքարկվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Մարտի 14-ին դատարանում լսվեց կողմերի դիտարկումները:

Հասմիկի փաստաբանը` Արայիկ Պապիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հետաքննության փուլում հետաքննիչը մերժել է գործի հարուցումը, նա որոշման մեջ պատճառաբանել է, որ Սամվել Արմենակյանից, ում դեմ հաղորդում է տրվել, չեն կարողացել բացատրություն վերցնել, միաժամանակ որոշման մեջ նշվել է, որ անհրաժեշտություն էր առաջացել նրանից բացատրություն վերցնել. «Սակայն չվերցնելով բացատրություն, ոչ մի գործ չկատարելով, քննիչը գտել է, որ հիմքեր չկան քրեական գործ հարուցելու:

Գուցեեւ հետաքննիչը ճիշտ է, բայց առանց լսելու այն անձին, որի դեմ մեղադրանք է առաջադրվում քաղաքացու կողմից, այն դեպքում, երբ ինքն է նշել, որ անհրաժշտություն կա բացատրություն վերցնելու, ու չեն վերցրել, սա հիմք է, որպեսզի մենք հետաքննիչի գործը համարենք ոչ լիարժեք: Հիմա պահանջում ենք դատարանից նրա որոշումը չեղյալ համարել, ու նոր հետաքննություն սկսել: Ընդ որում, եթե իսկապես հիմքեր չկային գործ հարուցելու, ապա այլ ապացույցներով դա պետք է հիմնավորեր, ինչը եւս չի արվել: Այսինքն` Հասմիկի բողոքում փաստերը քննիչը պիտի գոնե այլ ապացույցներով հերքեր»: Դատական նիստին դատախազն ասաց, որ ոստիկանության աշխատակիցները բոլոր հնարավոր գործողություններն արել են, սակայն հետաքննությամբ չի հիմնավորվել Սամվել Արմենակյանի կողմից խարդախություն կատարելու հանգամանքը. «Գտնում եմ, որ բողոքաբերի բողոքն անհիմն է եւ ենթակա է մերժման` խարդախության հանցակազմը բացակայում է»:

Իսկ Հասմիկ Ափինյանը վստահեցնում է, որ ինքը ոստիկանությանը ներկայացրել է այնպիսի փաստեր, ըստ որոնց պարզ է դառնում, որ Սամվելը խարդախությամբ է այդ 24 հազար դոլլարը ձեռք բերել: «Նախ ես ցույց եմ տվել բանկային այն կտրոնները, որ Սամվելն ու իր ընկերը վճարումներ են արել մի քանի ամիս, այսինքն, եթե այդ գումարն իր մոտ չէր, ապա նա վճարումներ չէր անի, բացի այդ, ինձ մոտ են այն հաղորդագրությունները, որոնց միջոցով նա սպառնում էր ինձ, ինչ է թե խարդախության գործով իր դեմ բողոք եմ գրել: Սամվելն ինձ ու քրոջս իբր թե օրինական աշխատանքի է տեղավորել. թուղթ բերեց, ասեց` ստորագրեք, ընկերոջս մոտ եք աշխատելու, մենք էլ ստորագրեցինք. դա պետք էր բանկում ցույց տալու համար: Հետո, երբ հետաքրքրվեցինք, թե բա երբ ենք գործի գնալու, ասեց` չեք աշխատելու, ու նորից թուղթ բերեց, ստորագրեցինք, որ աշխատանքից ազատված ենք: Սա եւս վկայում է, որ Սամվելը խարդախությամբ է գումարը ստացել»:

Մենք փորձեցինք զանգահարել Սամվել Արմենակյանին այն բջջային հեռախոսահամարով, որով նա պարբերաբար զանգահարել է Հասմիկին, սակայն հեռախոսահամարներից մեկն, ըստ օպրետորի, սխալ էր, մյուսն` անհասանելի:

Հիմա Հասմիկի ընտանիքը մտահոգ է, արդեն 1 տարուց ավելի է, ինչ Սամվել Արմենակյանը բանկային վճարումները չի կատարում, ուստի բանկը գումարը բռնագանձելու համար դիմել էր դատարան, դատարանն էլ դրական որոշում է կայացրել:

«Իմ կարծիքով մեր երկրում հանցագործներն ավելի պաշտպանված են, քան օրինավոր քաղաքացիները: Փաստորեն մեր երկրում կինը կարող է անպաշտպան լինել ինչ-որ խարդախի պատճառով, ու նրան ոչ մի պատասխանատվության չենթարկեն. ես ամեն օր նյարդային սթրեսսի մեջ լինեմ, ահը սրտումս` ինչ է, թե ոստիկանությունը չի գտնում այդ խարդախին»:

Նելլի Բաբայան
Հետաքննող լրագրող
Արագ Արձագանքման Խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս