Եվրախորհրդարանը հրապարակել է իր «Մագնիտսկու ցուցակը»
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովն այսօր հրապարակել է իր «Մագնիտսկու ցուցակը»՝ ԵՄ-ի Խորհրդից պահանջելով արգելել Ռուսաստանի 32 քաղաքացու մուտքն ու սառեցնել նրանց հաշիվները:
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը. «ԵՄ-ի Խորհուրդը պետք է կազմի այն անձանց ընդհանուր ցանկը, որոնք պատասխանատու են համարվում ռուս իրավաբան Սերգեյ Մագնիտսկուն կտտանքների ենթարկելու ու նրան սպանելու համար»:
Դրա հետ կապված՝ հանձնաժողովը հրապարակել է այն մարդկանց ցուցակը, որոնց նկատմամբ նրա կարծիքով պետք է սահմանել պատժամիջոցներ: Այդ ցուցակից 16 մարդ արդեն իսկ ընդգրկված է ԱՄՆ-ի պատժամիջոցային ցուցակում:
Հիշեցնենք, որ Սերգեյ Մագնիստկին սպանվել է 2009 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկվայի «Մատրոսկայա Տիշինա» մեկուսարանում: Դա առաջացրեց հասարակական մեծ արձագանք և ԱՄՆ-ի կողմից «Մագնիտսկու օրենքի» ընդունմանը: Մագնիտսկին ձերբակալվել էր 2008 թվականի նոյեմբերի 24-ին: Դրանից առաջ Մագնիտսկին հետաքննում էր բյուջեից միլիարդավոր ռուբլու յուրացումների հարցը: