«Տնտեսություն և Գործարարություն» ակումբը չունի իր նախադեպը Հայաստանում. Գագիկ Մակարյան
Այսօր Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախաձեռնությամբ «Ակցեռն կորպորացիայի» տարածքում տեղի ունեցավ «Տնտեսություն և Գործարարություն» ակումբի շնորհանդեսը: Ինչպես նշեց միության նախագահ Գագիկ Մակարյանը, այս ակումբը նորույթ է և չունի իր նախադեպը ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում: «Ակումբը նպատակ ունի հրավիրելու բոլոր քաղաքական կուսակցությունների վերլուծական միտք ունեցող անձանց և վերլուծական կենտրոների մասնագետների, քննարկելու սոցիալ-տնտեսական ոլորտներում ռազմավարական և կիրառական բարձր կարևորության հարցեր, ինչպես նաև ձևավորել տեսակետների պլատֆորմ դրանց վերաբերյալ: Միաժամանակ ձևավորել տարբեր կուսակցությունների միջև համերաշխություն և պրոֆեսիոնալ տեսակետների լիբերալ հարթակ` նպատակ ունենալով ՀՀ Կառավարությանը և ՀՀ ԱԺ-ին ներկայացնելու ամփոփված կարծիքներ և առաջարկներ գործարարության ու տնտեսության վերաբերյալ, մասնավորապես, տնտեսություն-գործարարություն կապի խթանման և իրականացվող ռեֆորմների արդյունավետության կամ նոր ռեֆորմների պահանջարկի մասով»,- ասաց Գ.Մակարյանը: Ըստ նրա՝ ակումբը, օգտագործելով ՀԳՀՄ և տարբեր վերլուծական կենտրոնների, այդ թվում քաղաքական կուսակցությունների նյութերը / տեսակետները, հնարավորություն կունենա կառավարության քննարկումների նախաշեմին և ԱԺ-ի համար, արդեն ձևավորված տեսակետներ և ռազմավարություններ ներկայացնել:
Մակարյանի խոսքով՝ ակումբը, նաև որպես արագ արձագանքման կառույց, կներկայացնի ընդունվող ռեֆորմների և որոշումների վերաբերյալ իր պրոֆեսիոնալ տեսակետները: ««Տնտեսություն և Գործարարություն» ակումբը, միաժամանակ, միակ պրոֆեսիոնալ ակումբը կլինի, որը Պետություն-Տնտեսություն-Գործարարություն շղթայի վերաբերյալ կարտահայտի առկա խնդիրները՝ հզորացնելու Պետություն-Տնտեսություն-Գործարարություն եռանկյունին: Մեր այս նախաձեռնությունը հիմնավորված է առկա անորոշությունների, անվստահության մթնոլորտի և նշված 3 բաղադրիչների/ պետություն-տնտեսություն-գործարարություն/ ոչ ներդաշնակ կապի պատճառով: ՀԳՀՄ-ն նաև նախաձեռնող է այն պատճառով, որ հանդիսանում է ՀՀ կառավարության սոցիալական գործընկերը և, մտահոգված լինելով իրականում ընթացող երևույթներով, որոշել է ձևավորել հավասարակշռությունը պահպանող նոր գործիք՝ այն է պրոֆեսիոնալ կարծիքների հարթակ»,- նշեց Գ.Մակարյանը:
Ակումբի բացմանը մասնակցում էին ԱԺ կուսակցությունների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ և գործարարներ: