
Ռուս զինվորականները Սևաստոպոլում շրջափակել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազան

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ռուս զինվորականներն անցած գիշեր Սևաստոպոլում շրջափակել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի բազան և ուսումնական կենտրոնը: Բազայի հրամանատարության ներկայացուցչի խոսքերով՝ բազայում տեղակայված է երկու զորամաս:
Գիշերը զորամասի հսկիչ-անցագրային կետին բեռանատարով ու զրահատրանսպորտով մոտեցել են ռուս զինվորականները և վերջնագիր են ներկայացրել ուկրաինացի զինծառայողներին՝ պահանջելով վայր դնել զենքը և հատկացնելով մեկ ժամ ժամանակ:
Բազայի հրամանատարության ներկայացուցիչը հայտարարել է, որ դա ռուս զինծառայողների կողմից արդեն երկրորդ փորձն է՝ ուկրաինացի ծովայիններին հարկադրելու համար վայր դնել զենքը:
Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իգոր Տենյուխը մարտի 16-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի ռազմական գերատեսչությունները պայմանավորվել են մինչև մարտի 21-ը Ղրիմում զինադադարի մասին: Նա մանրամասնել էր, որ համաձայնագիրը ստորագրվել է ռուսական Սևծովյան նավատորմի ու Ռուսաստանի ՊՆ-ի հետ: