
Սպիտակ տունը չի բացառում պատժամիջոցների տարածումը նաեւ Պուտինի վրա

Սպիտակ տունը չի բացառել, որ ապագայում ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են տարածվել նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, հաղորդում է Reuters-ը:
«Առկա է տարբեր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն: ԱՄՆ-ն չի բացառում պատժամիջոցների կիրառումը` ով էլ որ լինի»,-հայտարարել է Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին` պատասխանելով հարցին, թե ապագայում կկիրառվեն արդյոք պատժամիջոցները Պուտինի նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է հրապարակել Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների սեփականությունն արգելափակելու մասին: Պատժամիջոցները, մասնավորապես, վերաբերում են Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյին, Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովին, փոխվարչպետ Դմիտրի Ռոգոզինին, Պետդումայի պատգամավորներ Ելենա Միզուլինային, Լեոնիդ Սլուցկիին եւ այլոց: Սահմանափակումը ենթադրում է ԱՄՆ տարածք մուտքի եւ սեփականության ու ակտիվների արգելափակում: