Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող ու նրան պատկանող միակ տարածքը գրավման վտանգի տակ է. Star
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Սիրիայի սահմանների ներսում թուրքական միակ տարածքի շուրջ ստեղծված իրավիճակը:
Խոսքը գնում է Թուրքիայի սահմանից 35 կիլոմետր հեռավորության վրա ընկած Քարաքոզաք գյուղի մոտ գտնվող Սուլեյման Շահի դամբարանի տարածքի մասին, որը հանդիսանում է Թուրքիայի սահմաններից դուրս ընկած թուրքական միակ տարածքը:
Նշվում է, որ «Ալ-Քաիդայի» հետ կապված «Իրաքում ու Լևանտում իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավել են դամբարանին հարակից տարածքները: Դամբարանի տարածքը պաշտպանում է թուրք մոտ 25 զինծառայող, որոնց տրվել է հարձակման դեպքում հարված հասցնելու հրաման:
Բացի այդ, մեծացվել է Սիրիայի սահմանի մոտ տեղակայված Թուրքիայի ցամաքային ու օդային ուժերի զգոնությունը: Դրա հետ կապված՝ Դավութօղլուն հայտարարել է. «Միջազգային օրենքներով դա Թուրքիայի տարածքն է, մենք իրավունք ունենք այնտեղ ձեռնարկելու ամեն տիպի միջոցներ»:
Ընդգծվում է, որ Օսմանյան կայսրության փլուզումից հետո այդ տարածքը հայտնվել է ֆրանսիական տիրապետության տակ: Չնայած դրան՝ 1921 թվականին Ֆրանսիայի ու Անկարայի միջև կնքված պայմանագրով Սուլեյման Շահի դամբարանի տարածքը ճանաչվել է որպես Թուրքիայի Հանրապետության տարածք և որոշվել է, որ այդ տարածքը պաշտպանելու է թուրք զինվորը:
Հիշեցնենք, որ Սուլեյման Շահը կամ Սուլեյման Շահ Քայա Ալփօղլուն (1178-1227) հանդիսանում է Օսմանյան սուլթանության (բեյության) հիմնադիր (1299) Օսման (Գազի) բեյի պապը և Էրթուղրուլի հայրը: