ԼՂՀ նախագահի խոսնակը պատասխանում է Ժիրինովսկուն. «Արցախի ժողովուրդն արդեն վաղուց ինքնորոշվել է»

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ЛДПР) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին մի քանի օր առաջ ռուսական «Նորությունների ռուսական ծառայություն» (Русская служба новостей) ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ինչպես Աբխազիայի և Հարավային Օսիայի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցի դեպքում «լավագույն լուծումը այն Ռուսաստանի  կազմի մեջ ընդգրկելն է»:

Այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, թե չի ցանկանա մեկնաբանել Ժիրինովսկու հայտարարությունը, սակայն միաժամանակ ասաց հետևյալը. «Արցախի ժողովուրդն արդեն վաղուց ինքնորոշվել է և այդ ինքնորոշումը դրսևորել է  երկու հանրահավաքների ժամանակ (1991 և 2006 թթ.): Մենք կառուցում ենք անկախ, ժողովրդավարական, սոցիալական պետություն: Սա է մեր ինքնորոշման իրավունքի դրսևորումը, և չկա որևէ նախադրյալ մեր որոշումը վերանայելու համար»:

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերով` Ժիրինովսկին ընդամենը պատգամավոր է, և տարբեր քաղաքական գործիչներ կարող են տարբեր տեսակի կարծիքներ հայտնել, բայց դա չի նշանակում, որ նրանք արտահայտում են տվյալ երկրի կենտրոնական իշխանության դիրքորոշումը:

«Մենք հիշում ենք, որ Ժիրինովսկին հայտարարություններ է արել նաև Թուրքիայի, Հնդկական օվկիանոսի մասին, դա ուղղակի այդ մարդու կարծիքն է, ուրիշ ոչինչ: Մենք չենք տեսնում փոփոխություն պետական մակարդակում, նոր վեկտորներ կամ զարգացման նոր միտումներ»,- նշեց Դավիթ Բաբայանը:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս