Հաստատվել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի 2014 թ. տարեկան բյուջեն

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը քննարկել և հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի (Ծրագիր) 2014 թ. տարեկան աշխատանքային պլան-բյուջեի և գնումների պլանը: 2014 թ. ընդհանուր պլան-բյուջեն կազմում է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: Այն ունի չորս բաղադրիչ՝ աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը (2 մլն 965 հազար ԱՄՆ դոլար), ենթակառուցվածքների զարգացում (գազամատակարարման և ջրամատակարարման աշխատանքներ 25 համայնքում-8 մլն 975 հազար դոլար), կառավարում՝ 872 հազար ԱՄՆ դոլար և գյուղական ֆինանսավորում՝ (այգեգործական վարկերի մշակում և տրամադրում՝ շուրջ 4.5 մլն ԱՄՆ դոլար):
Մեկ այլ հարցով ի գիտություն է ընդունվել 2013 թ. սեպտեմբերի 9-25-ը Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի Վերահսկողության առաքելության այցելության հուշագիր-հաշվետվությունը: Փաստաթղթում արծարծված հարցերի առնչությամբ առաջարկություններ են ներկայացվել ՀՀ վարչապետին, որոնց վերաբերյալ Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել:
Նիստում հաստատվել են Ծրագրի շրջանակում 25 համայնքում գազամատակարարման, ոռոգման և ջրամատակարարման նախագծային աշխատանքների իրականացման համար որակի և գնի հիման վրա անցկացված խորհրդատուի ընտրության մրցույթի արդյունքները: Ի գիտություն է ընդունվել նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի հաշվետվությունը կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնարկի գործունեության վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս