Սերժ Սարգսյանը կայցելի՞ Գագիկ Ծառուկյանին

Ոչ իշխանական ուժերի համախմբումը գնալով նոր, հետաքրքիր ու ծիծաղաշարժ զարգացումներ է ստանում: Տպավորություն է ստեղծվում, որ նրանց նպատակը ոչ թե հասարակության կոնսոլիդացիան է, ինչպես հայտարարում են, այլ գաղջ մթնոլորտում մարդկանց խինդ ու ծիծաղն ապահովելը: Այլ կերպ դժվար է որակել ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների կողմից հրապարակ նետվող նոր թեզերը: Այսպես, այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին միանգամից երկու կուսակցությունների ներկայացուցիչներ՝ «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը, և Դաշնակցությունից՝ Ռուբեն Հակոբյանի նախկին կուսակից Աղվան Վարդանյանը, տարբեր ձևակերպումներով արտահայտել են նույն միտքը, որի իմաստն այն է, որ եթե երկրում առկա խնդիրները լուծելու հարցում ՀՀԿ-ն, իշխող մեծամասնությունը ցուցաբերեն պատրաստակամություն, ապա կարող են դառնալ հրաշալի քառյակի հինգերորդ անդամը: Օրինակ, Աղվան Վարդանյանն ասում է, որ հասարակության մեջ կա մեծ ընդվզում, դժգոհություն ու բողոք, իշխանություններն էլ ամեն քայլով ավելացնում են այդ դժգոհությունը: Ասում է ու ավելացնում. «Եթե մեր առաջարկած ճիշտ գաղափարներին ու գործողություններին հավանություն կտա նաև ՀՀԿ-ն, մենք միայն կողջունենք, մենք նման խնդիր չունենք: Միայն թե պետք է քայլ անել, այս վիճակից դուրս բերել երկիրը, թե ով կլինի հինգերորդն ու վեցերորդը, մեզ համար կարևոր չէ»:

Նրան իր հնարամտությամբ չի զիջում նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը: Նա գործող իշխանությանը խորհուրդ է տալիս ճիշտ գնահատել իրավիճակը և դառնալ հինգերորդ ուժն իրենց համագործակցության մեջ: «Մեծամասնությունը կարող է դառնալ հինգերորդը, եթե քաղաքական կամք ունի՝ պայքարել կոռուպցիայի դեմ, ստվերի, պետությունը դուրս բերել մուրացկանի կարգավիճակից, և այլ հարցերում: Բայց իշխանությունը, ցավոք, որևէ մեսիջ չի ուղարկում, որ պատրաստ է, և ամեն կերպ նաև խոչընդոտելով համագործակցությանը, ամեն կերպ ձգտում է պահել իշխանությունը»,- ասել է նա՝ իր պարտքը համարելով ընդգծել, որ ոչ իշխանական չորս ուժերն իրենց համախմբման արդյունքում որևէ մեկին չեն պատրաստվում ուղարկել քաղաքական աղբանոց: Ուշադրություն դարձրեք, որ այս հայտարարությունների հեղինակները նորելուկ երիտհանրապետականներ չեն, քաղաքական հարուստ կենսագրություն ունեցող գործիչներ են, բարձր պաշտոններ են զբաղեցրել՝ իշխանության, հիմա էլ ոչ պակաս բարձր պաշտոններ ունեն՝ ընդդիմության համակարգում: Ու նրանք դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, թե ՀՀԿ-ն կարող է դառնալ ոչ իշխանական ուժերի համագործակցության հինգերորդ անդամը: Այն համագործակցության, որի նպատակը, իբրև թե, ամբողջական իշխանափոխությունն է: Բայց քանի որ նշված հարգարժան պարոնների քաղաքական հոտառությանն ու իմաստնությանը կասկածելու հիմք և ցանկություն չունենք՝ մնում է հուսալ, որ նրանք առաջիկայում կհրապարակեն նաև ոչ իշխանական ուժերի առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի հետ ՀՀԿ-ի հանդիպման ժամը: Վայրի մասին չենք խոսում, քանի որ այն հայտնի է՝ բոլոր ճանապարհները տանում են «կանյաչնի»: Մնում է պարզել ընդամենը՝ ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անձա՞մբ կգնա Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի հարցի շուրջ կոնսոլիդացվելու, թե՞ կուղարկի, ասենք, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանին:
Քաղաքականությունը հաստատուն քայլերով Հայաստանում վեր է ածվում կրկեսի: Ծաղրածուներ՝ որքան ասեք, արենաներ՝ ուզածի չափ՝ Բաղրամյան 19-ից մինչև Իսակովի 9 (Կանյաչնիի հասցեն): Միակ խնդիրն այն է, որ ծաղրածուները, զվարճացնելով հանդերձ, ծաղրում են հանդիսատեսին:

Տեսանյութեր

Լրահոս